ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Քանի դեռ ՀՀ-ն չի ընկալել, որ պետք է ունենալ օրենքով գործող դատական համակարգ, ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքները պիտի վերականգնեն ՄԻԵԴ-ում. փաստաբան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով ՄԻԵԴ-ի այս որոշմանն, ընդգծեց, որ սա վկայում է այն մասին, որ մենք ունենք խիստ անկատար դատական համակարգ.

«Սա վկայում է նաև այն մասին, որ դեռևս մենք չունենք ցանկություն՝ ունենալու ավելի լավ դատական համակարգ, որովհետև այսօր էլ չկան քայլեր՝ ուղղված դատավորների պատասխանատվության բարձրացմանը»:

Փաստաբանը համոզված է, որ նման որոշումներն անհետևանք չպիտի մնան.

«Քանի դեռ դատավորները չեն զգում անձնական պատասխանատվություն, այն դեպքում, երբ իրենց կողմից թույլ տրված դատական սխալը ճանաչվում է Եվրոպական դատարանի կողմից, մենք ունենալու ենք նույն տիպի դատական համակարգ, միշտ դատական համակարգը վախենալու է գործող իշխանությունից, միշտ լինելու են հրահանգներ, ցուցումներ, ներքին վախեր և կաշկանդվածություններ»:

Հարցին, թե պետք է արդյոք այսօր Արման Մկրտումյանին պատասխանատվության ենթարկել, փաստաբանն արձագանքեց.

«Մկրտումյանի դեպքում չկա որևէ իրավական լծակ նրան պատասխանատվության կանչելու: Հիմա պետք է օրենսդրական փոփոխություններ անել, որ այսուհետ դատավորները կրեն պատասխանատվություն՝ ոչ միայն կարգապահական, այլ նաև նյութական»:

Փաստաբանի համոզմամբ՝ պետությունն ունի մի անելիք՝ թողնել դատական համակարգը հանգիստ.

«Քանի դեռ ՀՀ-ն չի ընկալել, որ պետք է ունենալ օրենքով գործող դատական համակարգ, իհարկե պիտի ՀՀ քաղաքացիներն իրենց խախտված իրավունքները վերականգնեն ՄԻԵԴ-ում»:

Փաստաբանի խոսքերով՝ այս գործերի ամբողջ հիմնախնդիրը մեր դատարանն է, որը կամ մի օր պիտի լինի անկախ և գործի օրենքով, կամ մենք պարբերաբար տարիներ շարունակ ունենալու ենք նմանատիպ որոշումներ ՄԻԵԴ-ից:

 

Back to top button
Close