Նորություններ

Սահմանադրական դատարանը Հանրապետական կուսակցության վերջին հենարանն է. փաստաբան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է փաստաբան Կարապետ Բադալյանի հետ:

— Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ում այսօր ստեղծված իրավիճակը, ի հակադրություն իշխանության ներկայացուցիչների հորդորների՝ Հրայր Թովմասյանը փաստորեն չի պատրաստվում հրաժարական տալ:

— Որևիցե մեկը ինձ կարո՞ղ է ասել՝ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների լիազորությունների ժամկետը սահմանող գործող օրենքը որտեղ է: Թող ցույց տան այն գործող օրենքը, որտեղ գրված է, որ Հրայր Թովմասյանն իրավունք ունի պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, կամ երկու անդամները՝ մինչև 70 տարեկանը: Թող ցույց տան այն նորմը, որով իրենք շարունակում են պաշտոնավարել մինչև 65 կամ 70 տարեկանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում նման նորմ չկա գործող, դա եղել է 2005 թվականի սահմանադրության փոփոխություններում, որը ուժը կորցրել է, այսինքն իրենց պաշտոնավարման շարունակությունն ապօրինի է: Երկրորդը՝ Հրայր Թովմասյանը խոսում էր դատավորների անփոփոխելիության մասին, այդ սկզբունքը կիրառելի է դատավորների նկատմամբ, կրառելի է օրինական ընտրված անդամների նկատմամբ, բայց ոչ կոնկրետ Հրայր Թովմասյանի, որովհետև բազմաթիվ ելույթներ եղան, նաև վերլուծություններ եղան, որ Հրայր Թովմասյանը երբ ընտրվել է, շարունակել է մնալ պատգամավոր 2017 թվականին, այսինքն՝ իր ընտրության ամբողջ ընթացքը եղել է օրենքի խախտումով զուտ տեխնիկական օրենքի առումով: Հիմա այդ դատավորների անփոփոխելիության սկզբունքը եթե ինչ-որ մեկին էլ վերաբերում է, վերաբերում է միայն օրինական ընտրված և գործող անձանց: Դա Հրայր Թովմասյանին ընդհանրապես չի վերաբերում, այսինքն փորձում է պաշտպանվել դրանով, սակայն սա ընդհանրապես պաշտպանական հիմք չէ:

— Ո՞րն է ստեղծված իրավիճակում լուծումը:

— Այն, որ համապատասխան մարմիններն իրենց թեկնածուներին պետք է առաջադրեն ու դատավորների տեղերը լրացնեն՝ Ազգային ժողովին ներկայացնելով ՍԴ դատավորների թեկնածուներին, նա էլ ընտրի: Թե չէ Հրայր Թովմասյանը փաստացի ապօրինաբար զավթել է իշխանությունը և շարունակում է նույն կերպ պաշտոնավարել, որոշումներ կայացնել, արտաքին օրինականություն փնտրել:

Եթե հիշում եք, սկզբում Ռուսաստանի դեսպանի հետ էր հանդիպում, հիմա էլ ուրիշների հետ փորձում են իրենց օրինականացնել՝ ՄԻԵԴ դիմումներ ուղարկելով, Վենետիկի հանձնաժողով դիմում ուղարկելով. չի կարելի թույլ տալ, որ սա շարունակվի:

— Կարծիքներ կան, որ Հրայր Թովմասյանը գործում է ոչ թե միայնակ, այլ նախորդ իշխանությունների ցուցումով: Սա հնարավո՞ր տարբերակ է:

— Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության անդամ էր, ինքը կուսակցական գործիչ էր, և Հրայր Թովմասյանի մասնագիտական գործունեությունն ուղեկցվել է կուսակցական պատկանելությամբ, այսինքն՝ իր ամբողջ ընթացքը քաղաքականացված է, և ինքն ընտրվել է, որովհետև Հանրապետական կուսակցությունն է իրեն առաջադրել, և հետևաբար կուսակցությունը եթե ինչ-որ մեկին առաջադրում է, հանձնարարություն է տալիս, նաև պիտի հետևի, այսինքն նա ուղիղ կապված է Հանրապետական կուսակցության հետ և նրա ուղիղ հանձնարարություններն է կատարում: Այս ամբողջ ընթացքում հենց առաջին հայտարարությունը, որ Վահե Գրիգորյանի ելույթից հետո եղավ, հենց Հանրապետական կուսակցությանն էր, դրան հետևեցին արդեն այդ կուսակցության ուղեծրում գործող իրավաբանների հայտարարությունները՝ շատ ագրեսիվ, իմաստազուրկ հայտարարություններ, որոնք ոչ մի փաստարկի պատասխան այդպես էլ չտվեցին: Սահմանադրական դատարանն, ըստ էության, Հանրապետական կուսակցության վերջին հենարանն է, ու Հրայր Թովմասյանը կաշկանդված է հազար ու մի կապերով իր կուսակցական գործընկերների, իրեն նշանակողների հետ:

 

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close