ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հեղափոխություն ես անում, հետո պահպանում ես և՛ նախկինի օրենքները, և՛ կադրերը, բա դրա հեղափոխությունն ի՞նչն է». Պապյան

«Դրական փոփոխություններ կան, որոնք պայմանավորված են հիմնականում կոռուպցիայի ամենավերին օղակներում դրա դադարեցմամբ, բայց հաշվի առնելով, որ սա հեղափոխական իշխանություն է, ակնկալում ենք ավելի հեղափոխական փոփոխություններ, մասնավորապես խոստացված սահմանադրության փոփոխություն, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքում, գոնե այս 3 հիմնաքարերը պետք է փոխվեն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով քաղաքական-հասարակական կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում կատարվող փոփոխությունների ու բարեփոխումների մասին:

Ըստ Պապյանի՝ իշխանությունները շատ ավելի երկար և անհասկանալի ճանապարհներով են գնում:

«Վեթինգ կոչեցյալը, կարծում եմ, առնվազն նվազագույնն է, որ պետք է արվի… ինչ անում է այսօր իշխանությունը, թերևս անհրաժեշտ է, բայց ոչ բավարար»:

Հարցին, թե ինչ քայլեր պետք է անի հեղափոխական իշխանությունը, քաղաքագետը նշում է.

«Ներկայիս իշխանությունները բացում են 1 տարի առաջ իրենց տված խոստումները, թե ինչ պիտի արվի, և անում են: Իրենք արդեն ասել են, թե ինչ պիտի անեն, նոր չպետք է մտածեն, և, ըստ էության, ժողովուրդը նրանց հետևից գնացել է հենց դրա համար և հիմա սպասում է, որ այդ ասվածներն իրականացվեն և ոչ թե բերվեն հազար տեսակի պատճառներ»:

Անդրադառնալով նաև արտախորհրդարանական 7 քաղաքական ուժերի կողմից արված հայտարարությանը՝ Պապյանն  ընդգծեց, որ եթե իրենք նշում են, որ խաթարվում է դատական համակարգը, ապա այդ նույն դատական համակարգը միշտ է խաթարված եղել:

«Հեղափոխություն ես անում, հետո պահպանում ես և՛ նախկինի օրենքները, և՛ կադրերը, բա դրա հեղափոխությունն ի՞նչն է: Ընդհանրապես հեղափոխությունը քաղաքական վիրահատություն է, որը մշտապես որոշակի ռիսկերի հետ է կապված, բայց դա կարող է խնդիրը լուծի: Հիմա ստացվել է, որ մենք հիվանդին վիրահատել ենք, կտրել ենք, բացել ենք որովայնը, բայց սկսել ենք դեղային բուժում, տվյալ ձևով չի լինում: Եթե բացել ես, մինչև վերջ պիտի գնաս, եթե չէիր անելու վիրահատություն, ուրեմն պետք էլ չէր բացել»:

 

Ավելին
Back to top button
Close