ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ընտրովի արդարադատությունը դեռ շարունակվում է». փաստաբան

«Ինչպես ես փաստեցի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանը փաստեց, որ ոստիկանությունը մարդկանց տանից բերման ենթարկելիս չի ներկայացրել իրավական հիմքերը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց իրավապաշտպան Արա Ղարագյոզյանն՝ անդրադառնալով Իջևանի դեպքերին:

Ինչ վերաբերում է այդ օրերին բերման ենթարկված իր պաշտպանյալներին, իրավապաշտպանը պնդեց, որ նրանք առևտրականներ են եղել և այդ հավաքի հետ որևէ առնչություն չեն ունեցել.

«Քանի որ Սիմոնյանների ընտանիքի դեմ Իջևանի քրեական բաժինն ունի թշնամական հարաբերություններ, և մի ոստիկանի դեմ, ով անցնում է իր եղբոր խոշտանգման գործով, այս ընտանիքը ցուցմունք է տվել, հիմա առիթը բաց չթողնելով՝ Սիմոնյանների ընտանիքի վրա են ցուցմունք տալիս, մասնավորապես իմ պաշտպանյալի վրա, և միակ այդ ոստիկանի ցուցմունքով մարդը կալանավորված է»:

Փաստաբանի խոսքերով՝ այն քաղաքացիները, ովքեր որ ոստիկանների նկատմամբ քար են նետել, բռնություն են գործադրել, նրանք ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ ցանկացած տեսակի բռնություն պետք է մերժվի:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին և տարածած հայտարարությանը, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ չի կիրառել Իջևանում, Արա Ղարագյոզյանն ասաց.

«Համեմատելով նախկին իշխանությունների ժամանակ ոստիկանության գործողությունները և Իջևանում տեղի ունեցող գործողությունները, այն բիրտ ուժը չի գործադրվել, որը նախկինում եղել է, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ անհամաչափ ուժ եղել է»:

Փաստաբանի համոզմամբ՝ նման գործողությունների ժամանակ պետք է պաշտպանված լինեն նաև ոստիկանները, պետք է բարձրացնել նաև նրանց իրավագիտակցությունը.

«Ընտրովի արդարադատությունը դեռ շարունակվում է, ու միանշանակ մենք սպասում ենք փոփոխությունների, բայց այդ փոփոխությունները չենք տեսնում, որ արդյունավետորեն իրականացվում են թե դատական համակարգում, թե իրավապահ համակարգում»:

Back to top button
Close