Նորություններ

Դատավորները, ովքեր ապօրինի որոշումներ են կայացրել, պետք է ոչ միայն հեռանան այլ պետք է նրանց նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում

Դատական համակարգում կատարվող վերջին իրադարձությունների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ:

— Վարչապետն իր վերջին հարցազրույցում անդրադառնալով վեթինգին՝ նշեց, որ իրական նպատակն անկախ և անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթինգի ենթարկելը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Միանշանակ մեր դատական համակարգն այն վիճակում է եղել, որ տարիներ շարունակ իրականացրել է նախկին իշխանությունների պատվիրած դատական ակտերը, և հեղափոխությունից հետո ի վերջո այդ անձինք պետք է մաքրվեն:

Թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ դեսպանատունը պատրաստ են աջակցել, որ դատական համակարգը մաքրվի, առողջանա: Միանշանակ, վարչապետի դիրքորոշման հետ համաձայն եմ, որ ոչ թե պետք է սպառնալիքներ լինեն դատավորների նկատմամբ, այլ օրենքի սահմաններում պետք է վեթինգ իրականացվի:

— Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշումը:

— Քանի որ, ինչպես գիտենք, նախկին իշխանության երկու ներկայացուցիչներն են այդ հանձնաժողովում, պետք է մտածել՝ արդյոք ինչ տվյալներ են ներկայացրել, արդյոք իրավիճակը ճիշտ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին, և ի վերջո կարելի է ասել, որ այդ հանձնաժողովի դիրքորոշումը վերջնական որոշում չէ, որ մենք դրանով կաշկանդվենք: Այո, Վենետիկի հանձնաժողովը շատ կարևոր գործառույթ է իրականացնում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովին նախկին իշխանության ներկայացուցիչները ինչ-որ հասարակական կազմակերպությունների միջոցով փորձում են սխալ տեղեկատվություններ տալ, բայց իրականում բոլոր իրավապաշտպանների, փաստաբանների դիրքորոշումն այն է, որ վեթինգի իրականացումը շատ կարևոր է:

Կապ չունի՝ անունը ոնց կդնեն՝ վեթինգ կդնեն, թե բարեվարքություն, այդ համակարգը պետք է օր առաջ փոխվի, դատական համակարգում պետք է ունենանք անկախ դատավորներ: Ես համոզված եմ, որ անկախ դատական համակարգ կունենանք, եթե իշխանությունները կամք դրսևորեն, պարզապես այդ գործընթացները պետք է չքնեցնել:

Այն դատավորները, ովքեր նախկինում պատվեր են կատարել, ապօրինի որոշումներ են կայացրել, պետք է ոչ միայն հեռանան և հաջողություն ասեն դատական համակարգին, այլ նաև պետք է նրանց նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում: Ստուգման պետք է ենթարկվի նրանց գույքը, դրամական միջոցները, քանի որ երբ նայում ենք նրանց հայտարարագրերը, ինչ-որ անհայտ տեղից նվիրատվություններ են ստացել, այս ամենը պետք է քննության առարկա դառնա, և միանշանակ վեթինգը պետք է իրականացվի Հայաստանում: Չեմ կարող ասել, որ բոլոր դատավորներն են օրենքից դուրս որոշումներ կայացրել: Հիմա մենք ունենք նաև շատ պարկեշտ երիտասարդ դատավորներ, ովքեր շատ առաջադեմ որոշումներ են կայացնում:

— Ի՞նչ կարծիք ունեք Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր կազմի վերաբերյալ, արդյոք նրանք ի զորու են իրականացնելու վեթինգի գործընթացը:

— ԲԴԽ-ի կազմի վերաբերյալ որևէ վստահություն չունեմ՝ հաշվի առնելով՝ ով է ընտրվել նախագահ: Նախկին իշխանությունների դատական համակարգի ներկայացուցիչն է, և նա որպես արդարադատություն իրականացնող անձ աչքի չի ընկել, այդ իսկ պատճառով որևէ վստահություն չունեմ և չեմ կարծում, որ վեթինգի գործընթացը պետք է ԲԴԽ-ն իրականացնի: Չեմ կարծում, որ այդ մարմինն այն անկախ մարմինն է, որը պատրաստակամ է օբյեկտիվորեն քննություն իրականացնել իր կոլեգաների նկատմամբ:

Ես կարծում եմ, որ վեթինգի և անցումային արդարադատության գործընթացը պետք է իրականացնի անկախ հանձնաժողով, որը որևէ ձևով չի ներկայացված որևէ պետական կառույցի մեջ:

Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close