Նորություններ

13-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկածը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ի նկատմամբ, ով կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց նրան դատարանից ազատ է արձակել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել13-ամյա Արփինե Գևորգյանին։ Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանի ու Վարդան Սարգսյան գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը փախուստի չէր դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ մի քանի բնակվող երիտասարդներ փորձել էին հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել էր վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել էին՝ թե դիմապակին, թե հետևի և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել էին ավտոմեքենային։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button