Նորություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը  բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվեց նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի պինդ ու կայուն: Կարասինն ասաց, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են  քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում:

Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծեց, որ  Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշեց, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշեց, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:

 

 

Ավելին
Back to top button