Նորություններ

48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը

48-ամյա տղամարդը, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, խանդից դրդված, ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 33-ամյա նախկին կնոջը՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, ինչի համար դատապարտվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտ ամսին Սիսիան քաղաքում։ Ըստ տղամարդու նախաքննական ցուցմունքի՝ իրենց բաժանման պատճառը սոցիալական է եղել, եւ բաժանումից հետո մշտապես տարաձայնություններ են ունեցել։ Մի օր էլ, երբ զանգահարել է կնոջը, նա անջատել է: Կրկին զանգահարել է և տեսել է, որ իր համարը գցել է սև ցուցակ: 25 րոպե հետո ստացվել է կապ հաստատել կնոջ հետ, և հեռախոսազրույցի ընթացքում նրանք վիճել են: Տղամարդը հարցրել է, թե նա երբևիցե գնացե՞լ է իրենց երեխայի գերեզման (վաղաժամ ծննդաբերության պատճառով երեխան մահացել է)։ Կինը պատասխանել է՝ ասելով «իր երեխայի», այլ ոչ թե «իրենց»: Ասել է նաև, որ երեխան իրենը չէր, այլ Սիսիանի մեկ այլ բնակչինը: Մտածելով, որ այդքան ժամանակ խաբված է եղել եւ դրանից զայրացած՝ տղամարդը շտապել է կնոջ տուն, ձեռքի «ուգոլնիկով» անկանոն մի քանի անգամ խփել է կնոջ գլխին, վերցրել նրա բջջային հեռախոսը, որ ոչ մի տեղ չզանգի, և դուրս եկել սենյակից: Նստել է ավտոմեքենան և շարժվել Երևան: Ճանապարհին հեռախոսը և մետաղական սարքը նետել է դուրս: Հաջորդ օրը զղջալով կատարածի համար՝ գնացել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն և հանձնվել:

Կատարած արարքի համար տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ինչում ինքն իրեն ամբողջովին մեղավոր է ճանաչել։ Ասել է, որ պատրաստ է աջակցել քննությանը եւ հայտնել է, որ հարվածել է 7 կամ 8 անգամ: Վերջին հարվածից նա թուլացած ընկել է գետնին, ինչից հետո չի հարվածել: Տղամարդը հայտնել է նաեւ, որ կնոջը սպանելու ցանկություն չի ունեցել, ուղղակի ցանկացել է նրան ֆիզիկական ցավ պատճառել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վճռլե է տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 5 տարի 3 ամիս ժամկետով:

Միաժամանակ որոշում է կայացվել մասնակի բավարարել տուժող կնոջ կողմից ներկայացված քաղաքացիական հայցը եւ հօգուտ տուժողի` բռնագանձել 550.394 ՀՀ դրամ՝ որպես բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Ավելին
Back to top button