Նորություններ

Երևան-Ստամբուլ-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները դրսևորել են ագրեսիվ պահվածք՝ բռնություն գործադրելով ՊԵԿ-ի աշխատակիցների նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ներկայում Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:

Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնս պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով:

Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՊԵԿ տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին
Back to top button