Նորություններ

Գլխավոր դատախազությունը 10 մլն դրամի ոսկեզօծ կրծքանշան է գնել. factor.am

2018 թվականին ՀՀ դատախազության աշխատողի օրվա առիթով Գլխավոր դատախազությունը 10 միլիոն դրամի կրծքանշան է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ գնվել է 500 կրծքանշան, յուրաքանչյուրի համար վճարվել է 20 հազար դրամ:

Կրծքանշանները Գլխավոր դատախազությանը 2018 թվականին մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է բաց աղբյուրներից:

«ՀՀ դատախազության 100 ամյակ» անվանական կրծքանշանի տեխնիկական բնութագրի բաժնից Factor.am-ը տեղեկանում է, որ այն բաղկացած է երեք շերտից՝ գալարապտույտ պսակից, ՀՀ դատախազության խորհրդանիշից և ՀՀ զինանշանից:  Գալարապտույտ պսակը ոսկեպատված է բարձր հարգի ոսկով: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս թանկարժեք գնումը Գլխավոր դատախազությունը կատարել էր թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց:

Այս տարի արդեն՝  2019 թվականի հուլիսի 1-ին, Գլխավոր դատախազությունը մասնագիտական տոնը նախորդ տարվա  համեմատ համեստ է տոնել: Մասնավորապես, գերատեսչությունը ձեռք է բերել 18 կրծքանշան, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 7785 դրամ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 140 հազար դրամ: Այս տարի կրծքանշանները ևս մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: 2019 թվականի միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 885 հազար դրամ:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից: Մենք նաև հետաքրքրվել էինք, թե  որ կազմակերպությունն է ծառայությունը մատուցել, ինչի մասին, սակայն,  Դատախազությունը տեղեկություն չի տրամադրել:

 

factor.am

Ավելին
Back to top button