Նորություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հնգօրյա հագեցած այցի շրջանակներում հանդիպեց նաև Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հանդիսությունների սրահում:

Ի սկզբանե, Գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն էր հայտնել պարտադիր հանդիպել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների հետ, լսել նրանց ու քննարկել երկուստեք հուզող հարցեր: Առանձնահատուկ ընդգծվեց այն հանգամանքը, որ հանդիպման բոլոր մասնակիցները տիրապետում էին մայրենի լեզվին:

Խոսելով հայրենիք-սփյուռք հարաբերությունների մասին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ այս գործակցության մեջ այլևս առաջնային է ինչպես հայրենիքի, այնպես էլ համայնքների ամրապնդումը, և եզակի հնարավորություն է ստեղծվել կերտելու այնպիսի Հայաստանը, որը բոլորիս ապագայի հանգրվանը կդառնա: «Պետականակենտրոն ազգ ունենալու գաղափարը, ուժեղ, հզոր պետություն ունենալու գիտակցությունը. ահա այս ամենը պիտի միավորի մեզ: Պետության կայացման մեջ ամեն մեկս անելիք ունենք»,-նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Այնուհետև ներկաները մեկ ժամից ավելի ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին սփյուռքի կազմակերպման գործընթացին, սփյուռքի ճանաչողությանը, հայրենադարձությանը, համահայկական երիտասարդական հարթակների ստեղծմանը: Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը և ներկաներին հրավիրեց համատեղ աշխատանքի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

Ավելին
Back to top button