Ի՞նչ շահագրգռվածություն ունի Սամվել Բալասանյանը «Շիրակ» հեռուստընկերության հետ կապված

Գյումրիի ավագանու 6-րդ գումարման առաջին նստաշրջանը կայացավ: Օրակարգում 26 հարց էր ներառվել, որոնցից երկուսը՝ կառավարությանն ուղղված ուղերձներ:
Դրանցից մեկն առնչվում էր կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին» կառավարության որոշմանը: Առաջարկվում էր որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Գյումրիի կառուցապատման համար կարևորություն ունեցող վարչական տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:
Քաղաքապետարանից ասում են՝ փորձել են բանակցել, սակայն որևէ կերպ չի ստացվել լուծել խնդիրը:
Ուղերձի մյուս նախագիծն առնչվում էր «Շիրակ» հեռուստաընկերությանը: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշում է կայացրել լուծարել պետական բյուջեից ֆինանսավորվող «Շիրակ» հեռուստառադիոընկերությունը:
Զեկուցողը Սամվել Բալասանյանն էր. նա նշեց՝ ուղերձով Գյումրիի ավագանին խնդրելու է կառավարությանը՝ վերանայել կայացված որոշումը և ընձեռել հնարավորություն՝ հետագա գործունեության համար: Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչները հարցրին Սամվել Բալասանյանին՝ ի՞նչ նկատի ունի վերանայել ասելով, կամ որտեղի՞ց նրան այդ տեղեկությունը, որ «Շիրակ»-ն ունի 60 աշխատակից:
Ավագանու անդամները նկատեցին՝ ուղերձը թերի է, այն այդ տեսքով՝ առանց լուծման ուղիներ մատնանշելու, ճիշտ չէ ուղարկել կառավարություն:
Ավագանու անդամները նշեցին՝ կան տեղեկություններ, որ պետական բյուջեի միջոցները նպատակային չեն ծախսվել. հեռուստաընկերության իրական աշխատակիցները ստացել են շատ ցածր աշխատավարձ, մինչդեռ այս հեռուստաընկերությունը պետական բյուջեից ստացել է խոշոր ֆինանսավորում՝ տարեկան 94 մլն դրամի չափով:
Նշվում է, որ «Շիրակ»-ն ունի շուրջ 60 աշխատակից այն պարագայում, երբ իրական աշխատակիցների թիվը շատ փոքր է, փոխարենը, օդում կախված լուրերի համաձայն, տնօրեն Արթուր Ղանդիլյանը գրանցել և պետբյուջեից աշխատավարձ է վճարում ազգականներին, նշեցին ավագանու անդամները՝ հավելելով, որ բազմաթիվ այլ չարաշահումների մասին ևս կան խոսակցություններ, որոնք պետք է ստուգվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:
ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամները հայտարարեցին՝ հարկավոր է կոնկրետ լուծումներ առաջարկել կառավարությանը և փոփոխություն կատարել ուղերձի նախագծում:
Մի կողմում ընկերության տնօրենն է, ով ունի ինչ-ինչ շահեր և ցանկանում է շարունակաբար օգտվել պետբյուջեի միջոցներից, մյուս կողմում ՀԸ աշխատակիցներն են, որոնց հարցն անընդհատ շահարկվում է, իսկ իրականում աշխատակիցների խնդրի լուծումը մղվել է հետին պլան: ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամները հայտարարեցին՝ լիազորված են նշելու, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը պատրաստ է աշխատանքով ապահովել որակավորում ունեցող մասնագետներին, իսկ հեռուստաընկերության վերափոխման դեպքում տրամադրել անվճար եթերաժամ՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերում:
Պետք չէ կարծել, թե կառավարությունում տեղյակ չեն՝ ինչ խնդիրներ կան այնտեղ, նշեց Արման Գրիգորյանը: Կառավարությունում քաջատեղյակ են, որ հարցն այստեղ ոչ թե հեռուստաընկերությունը պահել-չպահելու մեջ է, այլ հենց ոմանց շահերի և պետբյուջեի միջոցները շարունակաբար վատնելու:
Սամվել Բալասանյանը մինչդեռ նշում էր, թե իրենց խնդիրը չէ, թե պետբյուջեի միջոցներն ինչպես են վատնվել և ինչ խնդիրներ կան հեռուստաընկերությունում:
Ի պատասխան ավագանու անդամները հայտարարեցին, որ բյուջեի միջոցների, դրանց արդյունավետ ծախսման ուղղությամբ բոլորը պետք է լինեն մտահոգ, և պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով է ավելի ճարպիկ, ով կարող է բյուջեից հնարավորինս շատ գումար կորզել, այլ ճիշտ հակառակը:
ԳԱԼԱ խմբակցությունից ուղղակի հարց եղավ նաև Սամվել Բալասանյանին, թե նա արդյոք չունի անձնական շահագրգռվածություններ «Շիրակ» հեռուստաընկերության անշարժ գույքի նկատմամբ, քանի որ մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան, Բալասանյանը բացասական պատասխան տվեց:
Ուղերձի նախագիծն, այնուամենայնիվ, առանց փոփոխությունների ընդունվեց՝ ձայների մեծամասնությամբ: