ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները միայն նպաստելու են «Սևան» ազգային պարկի առաջացմանը». Ազգային պարկի տնօրենի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը

«Մասնաճյուղերի տնօրենների հետ զրուցել ենք ավելի վաղ, նյութերը պարզապես  այսօր են հրապարակվել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից հրապարակված այն հաղորդագրությանը, թե «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:

Վահե Գուլանյանի խոսքերով՝ ոչ բարեխիղճ պետական աշխատողների հայտնաբերելու և պատժելու գործընթացը մշտական գործընթաց է.

««Սևան» ազգային պարկն ունի 200-ից ավելի աշխատողներ, և հսկողությունը հիմնականում արվում է մասնաճյուղերի վրա: Քանի որ ազգային պարկը զրկված է օպերատիվ միջոցներ կիրառելու հնարավորությունից, հետևաբար կա համագործակցություն տարբեր ուժային կառույցների հետ»:

Գուլանյանի խոսքերով՝ իր՝ տնօրեն նշանակվելուց հետո համար մեկ  պահանջը, որ դրվել է «Սևան» ազգային պարկի աշխատակիցների առաջ, նախկին իներցիաները մոռանալն  է։

«ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները միայն նպաստելու են «Սևան» ազգային պարկի առաջացմանը և նաև դաս է լինելու աշխատակիցների համար, որպեսզի չփորձեն պետության հաշվին հարստանալ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով նախօրեին ոստիկանության տարածած հայտարարությանը, ըստ որի՝  «Սևան» ազգային պարկի Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում անտառամաքրման աշխատանքներ իրականացնող «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությունը յուրացրել է 24 միլիոն 630 դրամից ավելի գումար, և հարցին, թե արդյոք տեղյակ չեն եղել, որ անտառամաքրման աշխատանքներ չեն իրականացվում, Գուլանյանն արձագանքեց.

«Այդ անտառամաքրման աշխատանքների մրցույթներին «Սևան» ազգային պարկը մասնակցություն չի ունենում, դա իրականացվում է կառավարության տրամադրած միջոցների հաշվին, լիազորված պետական մարմինն է մրցույթներ անցկացնում, բայց կոնկրետ դեպքի վերաբերյալ մեր կողմից ևս եղել են շատ բացասական դիմումներ և գրություններ ղեկավար մարմիններին, որ արդյունքները մեզ չեն գոհացնում»:

Անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին և Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը, թե լճում ինքնամաքրման գործընթաց է սկսվել, «Սևան» ազգային պարկի տնօրենն ասաց.

«Այս գործընթացները պարբերաբար ընթանում են: Հրատապ վիրահատական միջամտությունների խնդիր չունենք, որովհետև սա բնական գործընթաց է, որը հենց բնությունն է կարգավորում»:

Ավելին
Back to top button