ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

38 տարի առաջ մետրոպոլիտենը դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, 38 տարեկան է։ 1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպերով:

1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Առաջին հորատումները սկսվել են 1972թ.-ին՝ Կասյան-Կիևյան փողոցների խաչմերուկում: Պայմանավորված Երևանի ընդերքի երկրաբանական բարդ կառուցվածքով և ստորգետնյա ջրերի առկայությամբ՝ մետրոյի գծի յուրաքանչյուր սանտիմետրի համար շինարարները համառ և անզիջում պայքար էին մղում, այդ իսկ պատճառով առաջխաղացման թափը միջինից ցածր էր:

Մետրոպոլիտենը, շինարարական և ճարտարապետական տեսակետից բարդ կառույց լինելուց բացի, բարդ է նաև իբրև տրանսպորտային համակարգ. մինչև շահագործումը անհրաժեշտ էր հաշվի առնել նաև այս հանգամանքը, և շինարարությանը զուգահեռ հարկ էր մտածել նաև մետրոպոլիտենը շահագործող կադրերի պատրաստման մասին: Երևանի մետրոպոլիտենի շահագործման առաջին իսկ օրից տարբեր ծառայություններում մշտական աշխատանքի էին հրավիրվել նաև տասնյակ մասնագետներ այլ մետրոպոլիտեններից: Բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան՝ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն՝ 1983թ., «Գործարանային», 1984թ.՝ «Շենգավիթ», 1986թ.՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» և 1997թ.՝ «Չարբախ» կայարանները։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 30 վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան և այլն: Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն. ուղևոր: Այն տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաև ռազմավարական նշանակություն:

Ավելին
Back to top button
Close