ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Փոխանակ լողալ չիմացող մարդուն օգնենք լողալ սովորել, «բամփում» ենք… չի՛ կարելի». Հովհաննես Մանուկյանը՝ դատական համակարգի մասին

«Ախտորոշումը շատ ճիշտ է: Այսինքն, այն գնահատականները, որոնք հնչում են, դրանց հետ դժվար է չհամաձայնվել: Դիագնոզը ճիշտ է, բայց բուժումը չկա»,- «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովհաննես Մանուկյանը՝ խոսելով դատաիրավական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունների մասին:

«Մենք ունենք իրավիճակ, որ մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, այո՛, գնահատականները ճիշտ են դատական համակարգի վերաբերյալ, պրոբլեմը ֆիքսված է, բայց դրանց լուծման ուղղությունները շատ մշուշոտ են: Անցյալ օգոստոսից փորձագիտական և քաղաքական շրջանակները սկսեցին խոսել անցումային արդարադատության մասին, և կարծես թե, կհամաձայնեք ինձ հետ, որ այսօր անցումային արդարադատության մասին արդեն մոռանում ենք մենք: Ծնվեց վեթինգը ինչ-որ պրոցեսների հետևանքով… վեթինգի մասին խոսեցին, խոսեցինք, հիմա պարզվեց, որ վեթինգն էլ է ոչ ակտուալ»,- նշում է Հովհաննես Մանուկյանը:

Գործող իշխանությունների քաղաքական կամքը, ըստ նախկին նախարարի, պետք է կոնկրետ արտահայտչաձև ստանա:

«Քաղաքական որոշումը երբ դանդաղում է, և դրա գործարկումը երբ դանդաղում է, շատ հաճախ մենք չենք ստանում այն արդյունքը, որն ակնկալում ենք ստանալ, և երբեմն նույնիսկ որևէ արդյունք չենք ստանում: Հայտնվում ենք ավելի վատ վիճակում, քան եղել ենք»:

Թե ինչու են նման ժառանգություն ստացել նոր իշխանությունները, որպես գլխավոր պատճառ Հովհաննես Մանուկյանը նշում է՝ դատական իշխանության վրա գործադիր իշխանության ունեցած մեծ ազդեցությունը:

Դիտարկմանը, որ նախկին իշխանությունները հերքում են, որ նման միջամտություն տեղի է ունեցել, Հովհաննես Մանուկյանն ասում է.

«Եթե մենք լուրջ խոսակցության ենք պատրաստ, ապա պետք է կարողանանք ճշմարտությանն ուղիղ աչքերով նայել: Իրավիճակի դիսբալանսը կայանում է նրանում, որ գործադիր իշխանության ներգործության արդյունքում մենք ունենում ենք ոչ լեգիտիմ դատական ակտեր, իսկ իրականում հանրային դժգոհությունն առաջանում է ոչ թե գործադիր իշխանության նկատմամբ, այլ դատական իշխանության նկատմամբ, և արդյունքում դուրս է գալիս, որ դատական իշխանությունը գտնվում է ամենախայտառակ վիճակում»:

Ավելին
Back to top button