ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ես գտնում եմ, որ փայտի մաֆիային պետք է բռնել բացահայտել և պատասխանատվության ենթարկել». Նորիկյան

«Այս ամենը նայել սոսկ անտառագողերի համատեքստում, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ես գտնում եմ, որ անտառագողերի ձեռքերը պետք է բռնել և «կտրել», ավելին, ես գտնում եմ, որ փայտի մաֆիային պետք է բռնել բացահայտել և պատասխանատվության ենթարկել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած միջադեպին:

Նորիկյանի խոսքերով՝ այս դեպքը պետք չէ դիտարկել միայն որպես ապօրինի անտառահատության հետևանք: Փաստաբանը նաև չի բացառում որոշակի ուժերի կողմից սադրանք հրահրելու վարկածը:

«Եկեք արձանագրենք, որ բոլոր դեպքերում հոգեբանական առումով սա շատ վատ ու տհաճ անակնկալ էր Փաշինյանի համար, որ հենց իր հայրենի իջևանցիների կողմից բունտ է բարձրացվում, ճանապարհ է փակվում, և ավելին, բռնի գործողություններ են իրականացվում: Ես կարծում եմ, որ սա հնարավոր է որ պատահական չլինի և սարքված լինի որոշակի պրովոկացիոն ձեռագիր ունեցող անձանց կողմից, բայց պետությունը հենց դրա համար է, որպեսզի հայտնաբերի և բացահայտի այդ խնդիրները»:

Ըստ Նորիկյանի՝ օրինականությունը պետք է լինի առաջնային ցանկացած պարագայում, և պետք է իրականացվի գործի օբյեկտիվ քննություն, և արդյունքում եթե կլինեն մեղավորներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Այս հուզումները ինքս ինձ համար ևս մեկ անգամ ազդակ հանդիսացան, որ մեր երկրում սոցիալական խնդիրներն այնքան շատ են, որոնք լուծում են պահանջում»,- հավելեց փաստաբանը:

 

Ավելին
Back to top button