Նորություններ

«ԱԱԾ-ն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տրամադրել քննչական մարմնին, որը կցվել է խուզարկության գործին». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու են քննչական գործողություններ կատարել Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ դատախազության պարզաբանմանը:

Փաստաբանի խոսքերով՝ դատախազությունը նշել է այն ամենը, ինչ իրենց է ձեռք տալիս, դատախազության մանիպուլյացիոն որակումները, որոնք տրվել են, վերջնական փաստեր են:

«Այն, որ դատավորին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, փաստաբանի մուտքը արգելել են: Հայաստանի ամբողջ պատմության մեջ նման դեպք չի եղել, որ քննիչը արձանագրի անձին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից զրկում»:

Փաստաբանն ընդգծեց նաև՝ թող դատախազությունը տա պատասխան, թե ինչու են խուզարկել գործավարի աշխատասենյակն առանց դատարանի թույլտվության, ապօրինի, որտեղից առգրավել են փաստաթղթեր և կրիչներ:

«ԱԱԾ-ն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տրամադրել քննչական մարմնին, որը կցվել է խուզարկության գործին, իբրև դատավորի և օգնականի աշխատասենյակում կան պահարաններ, որտեղ կան այդ 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և կրիչներ, այնինչ նման պահարաններ երկուսի աշխատասենյակում չի եղել, թող դրա պատասխանը տա դատախազությունը»:

Հարցին, թե իր գնահատմամբ կատարվող ապօրինությունները ինչի հետ են կապված, փաստաբանն ասաց, որ այս պահին մեկնաբանություններ անել չի կարող, քանի որ լիազորված է բացահայտել հնարավոր ապօրինությունների ցանցը, որոնց վերաբերյալ բողոքներ են ներկայացրել:

«Այն, որ իրենք առանց դատարանի որոշման դատավորին սահմանափակել են իր աշխատասենյակից օգտվելու հնարավորությունից, այ դրա պատասխանը թող տան: Այդ ամեն ինչը օրենքի պահանջների կոպիտ և էական խախտում է, որն իր մեջ պարունակում է պաշտոնեական լիազորությունների սահմանազատման հանցակազմի տարրեր, այդ դրա պատասխանը թող տան: Մենք հաղորդում ենք ներկայացրել, իրազեկել ենք նաև ԲԴԽ-ին թույլ տրված ապօրինությունների մասին»:

Փաստաբանն ընդգծեց նաև.

«Այն, որ իրենք նշում են, որ դատավորին իրենք իրավունք ունեին նաև տեղյակ չպահել, օրենքի պահանջ չէ: Դուք առգրավում եք կատարում կոնկրետ անձից, ով տվյալ պարագայում դատավորն է: Առգրավման առաջին պահանջը՝ անձին առաջարկվում է կամովին հանձնել քննիչի առաջարկած իրը կամ փաստաթուղթը, այնինչ եկել են դատավորի աշխատասենյակ, ասում են՝ Դուք դուրս եկեք, մենք Ձեզ թույլ չենք տալիս մասնակցել գործողություններին, մենք առգրավում ենք կատարում Ձեր աշխատասենյակից: Օրենքը պահանջում է, որպեսզի դուք առգրավում կատարեք այն անձից, ում մոտ գտնվում է գույքը, իսկ այդ գույքը ինչ որ ակնկալվում էր՝ համակարգիչը, դատավորի աշխատասենյակում է գտնվել: Իսկ այս չարաշահումների պատասխանը ո՞վ է տալու»:

Գեորգի Մելիքյանի խոսքերով՝ ոչ նախորդ իշխանությունների օրոք, ոչ էլ վերջերս նման ապօրինությունների շարան չի տեսել.

«Մենք հանցագործության մասին հաղորդում տվել ենք, ակնկալում ենք, որ վերջնականապես իրենք կսթափվեն, և մեր արձանագրած խախտումները հնարավորինս կվերացվեն, քանի որ դրանք վտանգում են դատավորի հեղինակությունը և ընդհանրապես դատարանի անկախությունը:

Փաստաբանը պնդեց նաև, որ դատավորը գործողությունների մասին նախապես իրազեկված չի եղել:

Back to top button
Close