Նորություններ

«Մեզ երկրորդ՝ իսկական հեղափոխություն է անհրաժեշտ». քաղաքագետ

Իջևանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

— Ինչպե՞ս եք գնահատում Իջևան քաղաքում տեղի ունեցած դեպքերը, ինչի՞ հետևանք էր սա:

— Դա հետևանք էր նախկինում արդյունաբերական հիմքերի վրա դրված մասսայական, համապետական բնաթալանի, որով անհոգորեն բռնաբարվում էր Հայաստանի բնությունը: Նաև՝ այն ամենաթողության և բնապահպանական խնդիրների փաստացի անտեսման, որում մեղավոր են ներկայիս՝ նոր իշխանությունները: Եթե նախկինները զբաղված էին բնության համակարգային թալանով և հետևաբար ոչնչացմամբ, ապա ներկաները՝ տոտալ անտեսմամբ: Այստեղ պատասխանատվության հսկայական խնդիր կա, իսկ այս նոր իշխանությունն ամեն տեսակի պատասխանատվություններից խուսափում է, հատկապես՝ բնապահպանական: Դա լավ երևում է Սևանի, ՀԷԿ-երի և հատկապես Հայաստանի հանքերի հարցում: Անտառների թեման ամենահեշտ լուծվողն է, բայց այս հարցում նույնպես ամեն բան բարձիթողի էր. մինչ անտառ ոչնչացնողներն իրենք, ոգևորվելով ամենաթողությունից և դժգոհելով իրենց համար ստեղծված փոքրիկ դժվարությունից, փաստացիորեն ապստամբեցին պետության դեմ: Ապշեցուցիչ է, որ փոխանակ անտառներում պարեկային շրջայցեր կատարելու և ձերբակալություններ իրականացնելու, ինչպես նաև խստորեն քրեականացնելու ծառահատումը՝ իշխանությունը միայն Դիլիջանում մի անցակետ էր դրել ճանապարհին և նստած սպասում էր, թե երբ են անտառահատները նախահարձակ լինելու: Դա վերջին մեկ տարվա իշխանական գործողությունների տրամաբանության շրջանակում է: Ոչինչ չանել ու միայն արձագանքել: Իսկ մինչ այդ՝ անցյալի մի շարք ավանդույթներ կարող են շարունակվել:

— ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ սա ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն  էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:

— Իհարկե: Ես չեմ կարծում, թե մեր ժողովուրդն իր տունն այրելու, հայրենիքը ոչնչացնելու իրավունք ստանալու պահանջով կարող է բողոքի ձայն բարձրացնել: Այո՛, դա մի խումբ փաստացիորեն պետական հանցագործների և Հայաստանը բառացիորեն ոչնչացնողների կազմակերպած կամ հղացած գործողություն էր: Անտառահատման հանցավոր և հակապետական բիզնեսով զբաղվող մի քանի վաճառականների պետք է փնտրել այս ամենի հետևում: Ժողովուրդը չի կարող սեփական երկիրը անապատացնելու կողմնակից լինել:

-Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանի օգտագործած հնարքներն օգտագործվեցին իր դեմ. խոսքը փողոց փակելու մասին է: Բողոքի այս ձևին ինչպե՞ս եք վերաբերվում, արդյոք սա առավել տարածվեց հեղափոխությունից հետո:

— Իհարկե այդ մեթոդի արդյունավետությունն ապացուցվեց անցյալ տարվա մասնակի իշխանափոխության ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ դրանից պետք է օգտվեն նաև բնույթով հակահեղափոխական, հակազգային և հակապետական բողոքի ակցիաները:

— Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության աշխատանքը:

— Ոստիկանության աշխատանքը գնահատում եմ ոչ հիանալի: Նախկինում ավերում, ջարդում, փշրում և հաշմանդամ էին դարձնում անմեղ մարդկանց, նվիրյալներին: Հիմա, երբ կարիք կա երկաթե բռունցք կիրառելու և ամենակոշտ ձևով ճնշելու, վախեցնելու և խստագույնս պատժելու, հպարտանում են իրենց գործողությունների մեղմությամբ: Ամեն բան կրկեսի է վերածվել մեզանում: Մեզ երկրորդ՝ իսկական հեղափոխություն է անհրաժեշտ:

Հերմինե Ղարիբյան

 

Ավելին
Back to top button