Նորություններ

Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. Հրայր Թովմասյան. tert.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:

— Պարո՛ն Թովմասյան, Հայաստանի քաղաքական, մի գուցե նաև իրավական կյանքը, կարծեք թե, կառուցվում է մեկ դատավարության շուրջ և դա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործն է։ Ակամայից այսօր Դուք և Սահմանադրական դատարանն եք հայտնվել այս գործընթացների կիզակետում։ Կասե՞ք, թե ինչ փուլում է այս գործը և ինչո՞վ էր պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննության վարույթը կասեցնելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու ՍԴ որոշումը։

— Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում ուշի-ուշով քաղաքական կյանքին չեմ հետևում և չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շրջանակում կարող է ծավալվել, դա լավ երևույթ չէ որևէ երկրի համար և ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների շուրջ կամ դրան համարժեք որևէ իրադարձության շուրջ: Ինչևիցե, չենք կարող ժխտել, որ կա հանրային մեծ հետաքրքրություն՝ թե՛ քաղաքական շրջանակների կողմից, թե՛ իրավական հանրության կողմից, և պետք է ասել, որ այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև Սահմանադրական դատարանի համար: Ոչ թե այն պատճառով, որ կա այդքան մեծ հանրային հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ այն նորմը, որը վիճարկվում է, իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից, մասնավորապես, այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, որը շատ ավելի կարևոր է, մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, և փա՛ռք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերևս, սրանով է պայմանավորված: Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից, իմ և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է: Երբեմն, կատակով նշում են, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները, որովհետև մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, իր մեղսակցության աստիճանը, նրա պատժաչափը: Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածով, որով վերջինիս առաջադրվում է մեղադրանք, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ հաշվի առնելով նաև հանրային հետաքրքրությունը, նաև որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել: Ուզում եմ հիշեցնել, որ և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, և՛ Վենետիկի հանձնաժողովը որևէ դեպքում չեն տալիս, այսպես ասած, վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում, թե այդ հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, առավելևս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց: Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մասնավորապես, քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են, սրանք մենք կարևորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար: Բայց կրկնում եմ, այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը և ինչպես նշեցիք, դրանք խորհրդատվական կարծիքներ են, եթե բառացի թարգմանենք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերևս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր: Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է նաև մեզ համար, այն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից և ասել, որ շատ մեծ թվով դիմումներ կան նաև Եվրոպական դատարան, ապա ասեմ, որ ոչ, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում: Այնպես որ, մի փոքր սպասենք և կտեսնենք: Վստահ եմ՝ մենք դրա մասին նշելու ենք՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք և կվերսկսենք այս գործերի վարույթը:

– Չնայած նշեցիք, որ Դուք բոլոր գործերին վերաբերվում եք նույն ձևով, բայց այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի վրա ճնշումների մասին հրապարակումներ կան: Տպավորություն է, որ այդ ճնշումներն ավելացել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դիմումներն ընդունվել են ՍԴ վարույթ: Այս երկուսի միջև Դուք որոշակի կապ տեսնո՞ւմ եք:

— Ես ընդհանրապես կհորդորեմ լրագրողական ողջ հանրությանը մի փոքր զգույշ այդ ձևակերպումն օգտագործել՝ դատական իշխանության նկատմամբ ճնշում, որովհետև վերջին հաշվով դա քրեորեն պատժելի արարք է: Ես այսպես պետք է պատասխանեմ, որքան վտանգավոր է այդ ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ նման ճնշում կա: Եվ եթե որպես լրագրող այդ հարցը բարձրացնում եք և մատնանշում եք, որ կան նման հրապարակումներ, դա նշանակում է, որ հանրային ընկալման մեջ նման կապ է երևում, նման երևույթ գոյություն ունի, ինչը նույնքան վտանգավոր է: Սա վտանգավոր է նաև այն առումով, որ դատական իշխանության նկատմամբ ընդհանրապես վստահությունը, եթե այդ ընկալումը կա, որ ճնշում է եղել, էականորեն փոքրանալու է և ընկնելու է այդ որոշման արժեքը: Ուստի, կհորդորեմ բոլորին ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, ինչը քրեորեն պատժելի է, այլ այնպիսի քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են նման տպավորություն ստեղծել, որ նման ճնշում կա: Իսկ մնացածը ես չեմ մեկնաբանի, մնացածն իրականում հանրության խնդիրն է և հանրային ընկալման խնդիր է:

– Պարո՛ն Թովմասյան, հայտնի է, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել։ Դուք այն կարծիքի՞ն եք, որ իշխանափոխությունից հետո երկրներում պետք է փոփոխվեն նաև դատական իշխանությունները:

– Գիտեք, այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն: Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը: Եվ դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ նրանք պաշտոնավարում են ավելի երկար ժամանակահատվածով, քան իրենց ձևավորած մարմինները՝ կլինի դա հանրապետության նախագահը, թե Ազգային ժողովը: Այս առումով այդ պնդումը, որ քաղաքական փոփոխություններից հետո պետք էր նաև դատական իշխանությունը փոխել, որևէ աղերս չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ էլ ժողովրդավարական պետության հետ: Կամ պետք է լինել ազնիվ, Սահմանադրության մեջ ևս գրել, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում փոխվում է նաև դատական իշխանությունը: Սա ազնիվ կլինի, բայց կլինի մեր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին հակասող: Ուշադրություն դարձրեք, որ դատական իշխանությունն իշխանության մյուս բոլոր ճյուղերի մեջ ամենաանկախն է, բայց անգամ քվազի անկախ պետական մարմինները, ինչպիսին են, օրինակ՝ կարգավորող հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, անգամ այս մարմինները քաղաքական այդ փոփոխությունների արդյունքում չեն փոփոխվում, էլ ուր մնաց, որ մենք խոսենք դատական իշխանության մասին: Հետևաբար, նման պնդումները որևէ աղերս չունեն: Կա՞ն դատական իշխանությունում խնդիրներ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրները լուծել, բայց քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականը պահանջելն աղերս չունի իրավական պետության հետ: Կան խնդիրներ, որ կան մարդիկ, որոնք անհամատեղելի են՝ նրանց վարքագիծը, գործունեությունը ներկա պահանջների հետ, ապա պետք է այդ մեխանիզմները գտնել և այդ մարդկանցից մեկ օր առաջ ազատվել: Ի տարբերություն քաղաքական իշխանությունների, դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ: Դա կարող է լինել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այնտեղ քաղաքական թիմ է և ամբողջ քաղաքական թիմը՝ գործադիրի հետ, պառլամենտական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվություն է կրում: Դատական իշխանության պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում: Գործադիր իշխանությունում ցանկացած նախարար նաև համաչափ պատասխանատվություն է կրում ողջ գործադիր իշխանության համար և եթե կողքի նախարարը վատ է աշխատել, ապա դրա պատասխանատվություն կրողը նաև ինքն է, ինչը չի կարելի ասել դատական իշխանության նկատմամբ, որովհետև որևէ ազդեցություն չունի այս դատավորը, թե կողքի դատավորը վատ է աշխատել, կաշառակեր է, խելքը չի հասնում, արդարադատությունը պատշաճ չի իրականացնում և այլն: Ուստի, այստեղ, կրկնում եմ, քննադատությունը պետք է լինի հասցեական և կոնկրետ: Ուշադրություն դարձրեք, դատական իշխանությունն այս առումով գտնվում է անհավասար վիճակում: Երբ որ քննադատություն է հնչում գործադիր, օրենսդիր իշխանության կողմից, ապա զենքերի հավասարության սկզբունքը չի պահպանվում, որովհետև ի տարբերություն օրենսդիրի և գործադիրի, դատական իշխանությունը չունի այդ քաղաքական թիմը, որոնք պետք է պատասխանեն տարբեր ամբիոններից այդ բոլորին: Դատական իշխանության զենքն իր որոշումներն են, ինքը հանրության հետ խոսում է իր որոշումների միջոցով, ուստի, այստեղ էլ պրակտիկան, կարծում եմ, պետք է գնա այն ճանապարհով, որ կոնկրետ և հասցեական լինի, և լինի այդ քննադատությունը նաև գիտական, եթե գործ ունենք կոնկրետ որոշման հետ: Իսկ ընդհանրապես ասել, որ դատական իշխանությունը վստահություն չի վայելում, կոռումպացված է և այլն, կրկնում եմ՝ ո՞վ ասաց: Այս ընդհանրական հասկացությունները, մոտեցումները դատական իշխանության դեպքում տեղին չեն:

— Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՍԴ-ի վերաբերյալ կարծիքներ հայտնեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

— Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին:

tert.am

 

Ավելին
Back to top button
Close