Նորություններ

«Պանելն ընկավ նորածնիս գլխին». երեք մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը դժբախտ պատահարից հետո կանգնել է փաստի առաջ

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Խաչատուր Գեղամյանը միշտ երազել է սեփական տուն ստեղծելու մասին, սակայն վաստակը հերիքել է միայն ընտանիքի հոգսերը քիչ թե շատ հոգալու համար: Արցախյան պատերազմի մասնակից Խաչատուրը երեք մանկահասակ երեխաների հայր է: Նա և կինը՝ Արմենուհի Ռուսակինան, իրենց երջանիկ ընտանիք են համարել և բավարարվել են օրվա ձեռքբերումով: Սակայն վերջերս ընտանիքը կանգնեց ծանր իրավիճակի առաջ: Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից մասամբ փլուզվեց տունը, որտեղ ընտանիքը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում`հունիսի 9-ին, հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի ունեցավ արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով ձևախախտվեցին տան (մոտ 100 քմ) կառուցատարրերը, իսկ միջսենյակային պատերը փլուզվեցին: 13-ամյա Մարինան տեղափոխվեց հիվանդանոց: Ամբողջ ընտանիքը ապրեց վախի և կորստի զգացողությունը:

«Նորածին Արևիկը հազիվ փրկվեց, պատը փլվեց մեր վրա, ու պանելը ընկավ նորածնիս գլխին: Մենք ահավոր վախեցել էինք: Ես հիշում եմ պահը, երբ պանելը բարձրացնում էի մեծ աղջկաս գլխի վրայից: Ահավոր էր, բայց բոլորս փրկվեցինք: Տանտերը պահանջում է, որ հնարավորինս շուտ վերականգնենք տունը…»,- պատմում է Արմենուհի Ռուսակինան:

Խաչատուր Գեղամյանը, ով վիրավորվել է Արցախում և հաշմանդամության կարգ ունի, չի ցանկանում խոսել իր ընտանիքին հասած դժբախտության մասին: Ընտանիքին օգնելու նպատակով սրտացավ մարդիկ ժամանակավորապես տրամադրել են կիսաքայքայված տնակ, որտեղ ընտանիքի մայրն ամեն օր պայքարում է առնետների դեմ, որոնք կարող են  վնասել նաև 2 ամսական Արևիկին:

Մեծ դուստրերը՝ Մարինան և Մանուշակը, գիտակցում են իրենց ծայրահեղ ծանր վիճակը: Երեխաների աչքերում պայթյունի սարսափն է, որին գումարվում են փողոցում հայտնվելու մտքերն ու հուսահատությունը: Ամբողջ ընտանիքը ծանր սպասման մեջ է:
Խաչատուր Գեղամյանը դիմել է մարզպետարանին, սակայն վերջինիս որպես փոխհատուցում տրամադրվել է միայն 50 հազար դրամ:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը

Հ.Գ  «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» բարեգործական ՀԿ-ն և «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագիրը նախաձեռնել են դրամահավաք` ընտանիքին օգնելու և օթևանի հարցը լուծելու համար:

Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել և գրել հետևյալ հեռախոսահամարներով և հասցեներով.

ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ բարեգործական ՀԿ
Հ/Հ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000
Հեռ՝ (010) 444-105
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ www.barerar.org

[email protected]

Հեռ: 093 066 390

Back to top button
Close