Նորություններ

«Այն, ինչ որ ծրագրել են նախկին իշխանությունների հենասյուները Քոչարյանի մասով ՍԴ տեսքով չեն հաջողելու». իրավապաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Մասնավորապես ՍԴ-ից հայտնել են, որ «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժվարացավ նշել, թե կոնկրետ որն է  դիմելու պատճառը, սակայն շեշտեց, որ այս ամենը նշանակում է, որ իրենք հնարավորինս երկար են փորձում ձգձգել տվյալ գործը, որի քննարկելու իրավունքը իրենք չեն ունեցել ի սկզբանե:

«Իրականում ինձ թվում է, որ նրանք ընդհանրապես իրավասու չէին այդ գործով զբաղվելու, էլ չեմ ասում գործի շրջանակներում դիմելու սրան կամ նրան, այս կամ այն միջազգային կառույցին»,- հավելեց Վարդան Հարությունյանը:

Հարցին, թե ինչ նոր զարգացոմներ կարող են լինել, իրավապաշտպանը դժվարացավ պատասխանել:

«Չեմ կարող ասել, պետք է սպասենք: Բոլոր դեպքերում այն, ինչ որ ծրագրել կամ ցանկանում են իրականացնել նախկին իշխանությունների հենասյուները, այս դեպքում ՍԴ տեսքով  չեն հաջողելու, դա անկասկած է: Հետ պտտել պատմության անիվը, հետ պտտել նոր զարգացումները նրանք չեն կարողանալու, խոչընդոտել, խանգարել կարող են, բայց  հաջողություն ունենալ չեն կարող»:

 

Back to top button
Close