Նորություններ

«Մարդկանց ձեռնաշղթաներով են տանում. ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք սերիական մարդասպաններ են». փաստաբան

«Այս համատարած ձերբակալումները, որը քննչական կոմիտեի կողմից է իրականացվում, ապօրինի է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով ստանձնել է երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների գործով կասկածյալներից մի քանիսի պաշտպանությունը։

Փաստաբանը մեզ փոխանցեց, որ 3 անձինք, որոնց պաշտպանությունը ստանձնել է ինքը, առևտրականներ են եղել և գնացել են շուկա, ճանապարհը փակ է եղել, նրանք դուրս են եկել տեսնելու՝ ինչ է կատարվում, մի երկու ժամ սպասելուց հետո տեսել են, որ ճանապարհը չի բացվում, հետ են վերադարձել տուն: Առավոտյան 5:30-ի սահմաններում եկել են մի ընտանիքից 3 հոգու բերման են ենթարկել, այն պարագայում, որ նրանք ոչ փողոց փակող են եղել, ոչ հավաքի մասնակից։

«Այսօր երկու հոգու ազատել են, իսկ եղբայրներից մեկին շարունակում են պահել: Հեղափոխությունից հետո հույս ունեցանք, որ իրապես նման դեպքեր չեն լինելու, բայց փաստորեն նույնն է շարունակվում»:

Փաստաբանի խոսքերով՝ տեսանյութերով տեսնում ենք, թե ինչ բռնությունների են ենթարկվել նաև քաղաքացիները, բայց իրավապահ մարմինների կողմից միայն քաղաքացիների գործողություններին է իրավական գնահատական տրվում։

«Բայց փաստն այն է, որ ոստիկանապետը պնդում է, որ միակողմանի է եղել, բայց տեսանյութերում այլ բան է երևում: Ես շատ կուզեի, որ նաև քաղաքացիների նկատմամբ բռնության փաստին իրավական գնահատական տրվի, որը մինչև հիմա չի տրվում: Քննչական կոմիտեն միայն աշխատում է քաղաքացիներին բերման ենթարկել, իսկ բերման ենթարկելիս գալիս են ոչ իրենց պաշտոն, ոչ իրենց կոչումը, ոչ բերման ենթարկելու պատճառը չեն ներկայացնում»:

Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ միայն Երևան հասնելու ճանապարհին են իր պաշտպանյալներին  ասել, որ խուլիգանության դեպքով քրեական գործ է հարուցված, իրենք էլ կասկածյալներ են։

«Այստեղ ընդհանրապես խուլիգանության հանցակազմ չկա, քանի որ իջևանցիները բարձրացրել են սոցիալական խնդիր: Շարժառիթը ուղղված չի եղել  հասարակության դեմ, դրդապատճառը եղել է սոցիալական խնդիրները, և այսօր այդ նույն անձինք գտնվում են ձերբակալվածների թվում: Իհարկե որևէ բան չեմ կարող ասել մնացածների մասով»:

Այլ քաղաքացիների մասով փաստաբանը որևէ տեղեկատվություն չուներ, միայն նշեց, որ խոսակցություններից հասկացել է, որ 13 անձ ձերբակալված է։

«Ամենազարհուրելին այն է, որ մարդկանց  ձեռնաշղթաներով են տանում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք սերիական մարդասպաններ են: Իհարկե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այնտեղ են և տեղում այդ հարցը բարձրացրել են, որ պետք չէ մարդկանց հետ նման ձևով վարվել, կապ չունի, թե ինչ մեղադրանքով են բերված»:

Փաստաբանն ընդգծեց նաև, որ դատապարտում է ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը, և ցանկացած բռնություն պետք է մերժվի, բայց այդ մերժումը չպետք է լինի միակողմանի.

«Իրավապահ մարմինները պետք է գնահատական տան թե ոստիկանների գործողություններին և թե քաղաքացիների գործողություններին»:

 

Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close