Նորություններ

«Իմ գործընկերը եղել է ոստիկանության բաժանմունքում և իրապես տեսել է մարդ, ով եղել է մայկա-տրուսիկով». իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների մասին

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին և ոստիկանության աշխատանքին, մասնավորապես տարածված  լուրերին, թե ոստիկաններն այցելել են մարդկանց տներ և բերման ենթարկել, նշեց.

«Հստակ տեղեկություններ չունեմ, որովհետև պաշտոնական որևէ բան դեռ չկա հրապարակված, բայց իմ գործընկեր Արա Ղարագյոզյանը եղել է ոստիկանության բաժանմունքում և իրապես տեսել է մարդ, ով եղել է մայկա-տրուսիկով։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ օրինականությունից մենք կարո՞ղ ենք խոսել, թե՞ ոչ։ Խոսում էին մի դեպքի մասին, երբ փորձել են բերման ենթարկել առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, չքայլող, չխոսող ինչ-որ մեկին, դա նշանակում է, որ ուղղակի մտել են տներով, փնտրել են արական սեռի ներկայացուցիչներ և պատահականության սկզբունքով ում բռնել են, տարել են»:

Կարապետյանցի համոզմամբ՝ այս գործողությունները չեն կարող արդարացում ունենալ կամ օրինական համարվել.

«Ցուցարարների գործողությունները եղել են օրինական, թե անօրինական, հետևում մարդ կա կանգնած, չկա կանգնած, ինչ-որ սև ուժեր են, սա լրիվ ուրիշ հարց է, այդ հարցին լրիվ առանձին պետք է անդրադառնալ: Ինձ անհանգստացնում են ոստիկանության գործողությունները, և ես, նայելով քաղաքացիների հարցազրույցները, հասկանում եմ, որ մենք լրջագույն խնդիր ունենք, որովհետև մենք վերադառնում ենք այն ոստիկանությանը, որը մենք ունեցել ենք տասնամյակներով, այսինքն առանց տարբերակելու բոլորին բերման ենթարկելով, տեղում տարբերակելով մեղավոր-անմեղ, այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք»:

Դիտարկմանը, թե ոստիկանները ևս բռնության են ենթարկվել, Կարապետյանցն արձագանքեց. «Անընդունելի է ոստիկանության հանդեպ բռնություն կիրառելը, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հասկանա, որ ինքը պիտի պատասխանատվություն կրի իր արարքների համար, բայց ազնիվ լինելով եկեք արձանագրենք՝  քանի ոստիկան գիտեք, որ իրական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացուն իրական բռնության ենթարկելու համար: Մենք չունենք այդպիսի գործեր, մենք ունենք ձևական մի քանի հարուցված քրեական գործեր, որոնցով կամ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել, կամ ձեռ առնելու աստիճանի պատասխանատվություն են կրել»:

Կարապետյանցի պնդմամբ՝ ոստիկանները պետք է հասկանան, որ իրենց գործողությունները պետք է լինեն համաչափ և օրենքի սահմաններում, այդ օրենքը միայն քաղաքացիների համար չէ.

«Ոստիկանները ներկայացնում են պետությունը, իշխանությունը, իրենք ունեն հատուկ միջոցներ կրելու և օգտագործելու հնարավորություն, հետևաբար իրենց պատասխանատվությունը շատ ավելի բարձր է»:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ մենք չենք ունեցել ոստիկաններ, ովքեր պատասխանատվության են ենթարկվել։

«Հիշեք Սարի թաղ, Խորենացի, Մարտի մեկ, Էլեկտրիկ Երևան, սևազգեստ մայրեր. բոլոր ցույցերի ժամանակ անհամարժեք ուժ է կիրառվել, և որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Սա սանձարձակություն է իրավապահ մարմինների, այդ թվում նաև ՀՔԾ, դատախազություն, դատարաններ: Այնպես որ, երկու կողմից էլ մեղավոր են, և շատ ցավալի է, որ ոստիկաններ են տուժել, ոստիկանը նույն մեր ՀՀ քաղաքացին է, բայց եկեք ազնիվ լինենք՝ միշտ ցուցարարը, ընդդիմադիրը, ակտիվիստը հայտնվում է բանտում, ոստիկանը ոչ, այդպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց նա:

 

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close