Նորություններ

«Սերժ Սարգսյանի իշխանությունը վռնդվել է, բայց դրանով հանդերձ մի ոստիկանի վրա քար չի նետվել, չի կարելի դիմել բռնությանը». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր ունի ժողովրդավարության արտահայտման իր ավանդույթները, օրինակ  Ֆրանսիայում եթե հանրությանը ինչ-որ բան դուր չի գալիս, սկսում են մեքենաներ այրել փողոցներում, Բրիտանիայում՝ պառլամենտում լուրջ դեբատներ են լինում:

Հայաստանում, ըստ Իոաննիսյանի, այնպես է ստացվել, որ փողոց փակելը դառնում է ժողովրդավարական ավանդույթ, բայց կոնկրետ նշված դեպքի հետ կապված առանձնացնում է երկու կարևոր հանգամանք:

«Առաջինն այն է, որ երեկվա հավաքն այլևս խաղաղ բնույթի չէր: Հեղափոխություն արեցինք այս երկրում, մի քար մի ոստիկանի ուղղության չթռավ: Երկրորդը՝ պետք է առհասարակ հաշվի առնել, որ Հայաստանում պետական կառավարման, և ոչ միայն, կազմակերպումը դրված էր ոչ թե օրինական հիմքերի, այլ կոռուպցիոն պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում անտառահատումները»:

Իոաննիսյանի խոսքերով՝ նոր իշխանությունների համար ընդունելի չեն այդ պայմանավորվածությունները, սակայն պարզվում է, որ մի կողմից օրենքը  բավականին թերի է, և մյուս կողմից՝ որոշ խմբեր չեն ցանկանում մտնել օրենքի դաշտ:

«Ուզում են ուղղակի ապօրինի կազմակերպված բիզնեսով զբաղվել ու ցույց են կազմակերպում, միջպետական ճանապարհ են փակում, ոստիկան են ծեծում՝ պահանջելով, որպեսզի իրենք ունենան ապօրինի անտառահատման իրավունք, դա անընդունելի է: Այո, ներկայիս իշխանությունն էլ անմեղ չէ, պետք է ավելի շուտ հասկանար, որ իրավակարգավորումների հետ կապված խնդիր կա»:

Դիտարկմանը, թե արդյոք տեսնո՞ւմ է քաղաքական աստառ կատարվածի հետևում, Իոաննիսյանը պատասխանեց.

«Այո, տեսնում եմ որոշ մարդկանց, որոշ ուժերի ականջներ, բիզնես շահեր… հստակ երևում է, որ նայեք, թե այդ անտառտնտեսությունների ղեկավարները որ կուսակցությունից են եղել, թե ինչ փողեր են աշխատել, շատ բաներ պարզ կլինեն: Ահռելի փողեր են մարդիկ լափել և հիմա այդ կերակրած հարսներից զրկված՝ բա պիտի դժգոհեն, չեն դժգոհելո՞ւ»:

«Հասկանում եք՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը վռնդվել է, բայց դրանով հանդերձ մի ոստիկանի վրա քար չի նետվել, չի կարելի դիմել բռնությանը, բռնությամբ հարցեր չեն լուծում»,- հավելեց Իոաննիսյանը:

 

Ալինա Սիմոնյան

Back to top button
Close