ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ինչ-որ կոռուպցիոն, ապօրինի անտառահատումների սխեմա է աշխատել և կազմակերպված բնույթ է կրել». Արթուր Սաքունց

«Դատապարտում եմ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությունները»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքն արտահայտեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով՝ խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր նման վարքագիծ են դրսևորում, այլևս դադարեցնում են ակցիայի խաղաղ բնույթը:

Սաքունցի խոսքերով՝ ամեն մեկի գործողությունը պետք է ստանա համարժեք իրավական գնահատական և չունենա պատժիչ բնույթ։

«Շատ կարևոր է հասկանալ դրդապատճառները, թե ինչու են մարդիկ հավաքվել, և այստեղ պետք է մի քանի հարցեր բարձրացնել՝ արդյոք դա նորություն էր, արդյոք այդ խնդիրը փորձել են համարժեք գործողություններով լուծել, որովհետև եթե խնդիրը վերաբերում է ապօրինի անտառահատման, ապա ապօրինի անտառահատումներ կատարողներին վաղուց պետք է հայտնաբերեին և պատասխանատվության ենթարկեին»:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ չենք կարող պատկերացնել, որ բոլորին միաժամանակ, առնվազն 200 անտառահատումներ կատարողների փորձել են ձերբակալել, կարծես թե միաժամանակ են նրանք գործել.

«Սա նշանակում է, որ ժամանակին համարժեք գործողություններ չկատարելու հետևանք է այս բողոքի ցույցը: Երբ որ անողոք պայքար մղվեր անտառահատումների դեմ, ես չեմ կարծում, որ բողոքի ցույց լիներ»:

Իրավապաշտպանն ընդգծեց նաև. «Հաշվի առնելով, որ սա երկար տարիների հետևանք է, պետք է ենթադրել, որ ինչ-որ կոռուպցիոն, ապօրինի սխեմա է աշխատել անտառահատումների և կազմակերպված բնույթ է կրել, որովհետև մեկ չէ, երկուսը չէ, առնվազն եթե 500 հոգի մասնակցել են, ուրեմն առնվազն 200 հոգի զբաղվել են ապօրինի անտառահատմամբ: Սա արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ դա ունեցել է կազմակերպված բնույթ. հարց՝ ո՞վ է կազմակերպողը եղել»:

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքներին և բռնության դրսևորումներին՝ իրավապաշտպանն ասաց.

«Բժշկական օգնություն ստացածների թվում ոստիկանների թիվն ամենամեծն է եղել։ Սա խոսում է այն մասին, որ ընդհարման ժամանակ ավելի շատ ենթարկվել են ոստիկանության աշխատակիցները, բայց այն տեղեկատվությունը, որ տարածվեց, թե ոստիկանները գիշերով այցելել են բնակարաններ և ինչ-որ գործողություններ իրականացրել, ապա այդ գործողությունների իրավաչափության մասին պետք է տրվի իրավական գնահատական»:

Ավելին
Back to top button