Մի հարյուր գլուխ անասունա էլի, որ տաս, կգրեմ ոչ պիտանի ծառայության. Յուրի Բրոյանի մայրը հաղորդում է տալիս հանցագործության մասին

20-ամյա զինծառայող Յուրիկ Բրոյանը նյարդային համակարգի հետ կապված հիվանդություն ունի, որը բժիշկները չեն կարողանում ոչ ախտորոշել, ոչ բուժել: Դժվարությամբ է տեղաշարժվում, անընդհատ ցնցումների մեջ է:
Նրա մայրը՝ Մարինե Բրոյանը, նշում է, որ Յուրիկը զորակոչվելուց առաջ էլ հիվանդ է եղել, իսկ ծառայության ընթացքում հիվանդությունն ավելի է բարդացել: Մայրը ցանկանում է իմանալ՝ արդյոք լինելու են մարդիկ, ովքեր պատասխանատվություն կկրեն իր որդուն այս վիճակին հասցնելու համար։
Բրոյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքերով՝ Պաշտպանության նախարարությունն արդեն ընդունում է այն փաստը, որ եզդի երիտասարդն ունի լուրջ առողջական խնդիրներ և մտավոր հետամնաց է, սակայն ըստ փաստաբանի՝ նրան շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ներկայումս խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Իսկ նախարարությունն իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով։