«Սևանում ժամանակավոր պրոցես է, սա ինքնամաքրման գործընթաց կոչելը ճիշտ չէ». բնապահպանը հակադարձում է նախարարությանը

«Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը», առավոտյան նման տեղեկատվություն տարածեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հակադարձելով նախարարության հայտարարությանը՝ բնապահպան Սիլվա Ադամյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց.
«Պրոցեսը, որ սկսվել է Սևանում, ժամանակավոր պրոցես է, սա ինքնամաքրման գործընթաց կոչելը ճիշտ չէ: Սևանը դեռ հիվանդ է և բուժման կարիք ունի: Այն, որ մենք այսօր ասենք՝ Սևանի խնդիրները լուծել ենք, դա բացարձակ սխալ է, սա փաստում են գիտնականները»:
Սիլվա Ադամյանը տեղեկացրեց՝ ԱԺ-ում մասնակցել է ԲՀԿ-ի կազմակերպած քննարկմանը, որտեղ ներկա է եղել նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։
«Պարոն Ջավադյանը շատ փաստարկներ բերեց՝ արդարանալով, որ իրենք մեղավոր չեն, որ Սևանն այդ վիճակում է, որ այդպես է ստացվել, բայց իրականում խնդիրը կա և խնդիրն առաջին հերթին բխում է նրանից, որ մենք Սևանն օգտագործում ենք առաջին հերթին ոչ թե էկոհամակարգ, այլ որպես ջրի բակ: Անընդհատ ջրբացթողումներ ենք անում՝ չհաշվարկելով իրավիճակը: Սա արվել է տարիներ շարունակ»:
Սիլվա Ադամյանի դիտարկմամբ՝ տարիներով կուտակված ամբողջ աղբը, խնդիրը բերեց նրան, որ այսօր գիտնականներն ասում են, որ տարիներ է պետք, որպեսզի Սևանը մաքրվի:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ ինքնամաքրման գործընթացի մասին է խոսքը, բնապահպանն արձագանքեց.
«Ջրիմուռները ծաղկում են, հետո ծաղկման շրջանն անցնում է, հիմա այս փուլն է, բայց Սևանի խնդիրը կա, այսինքն ջերմաստիճանի բարձրացման կամ մեկ այլ փոփոխության հետ միասին մենք ունենալու ենք նույն տեսարանը, այսինքն էկոլոգիան չի մաքրվել, ջրի մակարդակը չի բարձրացվել, ափերը չեն մաքրվել, հատակի վիճակը շատ վատ է, ջրի ջերմաստիճանը բարձր է նորմայից, ձկնապաշարները շատ քիչ են, այսինքն այս ամենը խոսում է այն մասին, որ ինքնամաքրում կոչվող գործընթացն աչքակապության պես մի բան է»:
Հերմինե Ղարիբյան