Իրաքում 2 ատրճանակով զինված անձը կրակ է բացել թուրք դիվանագետների վրա
Իրաքի Էրբիլ քաղաքում հարձակում է տեղի ունեցել ռեստորանի վրա, որտեղ գտնվել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ 2 ատրճանակով զինված անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում, ինչի հետեւանքով զոհվել են գլխավոր հյուպատոսի տեղակալը եւ նրան ուղեկցող 2 դիվանագետները:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հաստատել է դիվանագիտական ներկայացուցչության մեկ աշխատակցի մահվան փաստը, սակայն Բաղդադում գտնվող դեսպանությունը չի հերքել մի քանի դիվանագետի մահվան մասին տեղեկությունը:
Իրաքի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կան, սակայն երկու երկրների միջեւ երկխոսությունը տասնամյակներ շարունակ լարված բնույթ է կրում՝ նաեւ կապված քրդական հարցի հետ:
Էրբիլը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը, որն Իրաքի կազմում գտնվող պետական կազմավորում է՝ լայն ինքնավարության կարգավիճակով: Իրաքյան Քուրդիստանը փորձում է առանձնանալ Իրաքից եւ անկախություն ձեռք բերել, ինչին, բնականաբար, դեմ է հանդես գալիս Թուրքիան: