Նորություններ

Արցախը գրեթե 30 տարի՝ փաստացի և իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս է. հայտարարություն

Մենք՝ արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հայեցակարգի մշակման և
կենսագործման ասպարեզում տևականորեն ներգրավված գործիչներս, մտահոգված լինելով
Հայոց պետական միասնությունը տրոհելու շարունակական փորձերով, արտաքին քայքայիչ
միջամտությունների աշխուժացմամբ և Միացման հայեցակարգի նենգափոխման ակնառու
ոտնձգություններով,

Հաստատում ենք․

Հայությունն, ի դեմս իր միակ պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի
հայրենատիրության բնական, անբեկանելի և անժամանցելի իրավունք: Հայրենի ողջ
տարածքի վրա ազգային֊պետական ինքնիշխանության վերականգնումը՝ Հայոց կենսունակ
պետականության հարատևման և հայ ժողովրդի գոյատևման երաշխիքն է։
Արցախահայության վճռական կամքով և համայն հայության աջակցությամբ՝ Արցախը գրեթե
30 տարի՝ 1989 թ․ դեկտեմբերի 1֊ից, փաստացի և իրավականորեն Հայաստանի
Հանրապետության մաս է, որը վերահաստատվել է 1990 թ. օգոստոսի 23֊ի Անկախության
հռչակագրով և, որպես այդպիսին, անկախացել է ԽՍՀՄ֊ից` լինելով Հայաստանի
Հանրապետության կազմում։ Ի լրումն դրա՝ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության մաս
լինելն ամրագրված է նաև Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24֊ի հատուկ զեկույց֊
առաջարկով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը 1991 թ․ սեպտեմբերի 2֊ին և այսպես
կոչված անկախության հանրաքվեն նույն թվականի դեկտեմբերի 10֊ին՝ ԽՍՀՄ
միութենական հանրապետությունների ինքնորոշման մասին 1990 թ․ օրենքին
համապատասխանելու անհաջող փորձեր էին, որոնք հապճեպորեն թելադրվել են
պաշտոնական Երևանի կողմից և որևէ դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես
անկախացում Հայաստանի Հանրապետությունից։

Ըստ այդմ խստագույնս մերժելի են․
֊ Արցախը երկրի ներսում և արտաքին հարաբերություններում Հայաստանի
Հանրապետությունից առանձին պետություն ներկայացնելը՝ «երկրորդ հայկական
պետության» կեղծ կաղապարով,
֊ Արցախի միացումը Հայաստանին իբր իրավականորեն չկայացած կամ հետագա
զարգացումներով չեղարկված հայտարարելը,
֊ Միացման գաղափարը անորոշ ապագային և/կամ այլոց որոշումներին վերապահելը, որն
ըստ էության խորացնում է ներազգային պառակտումը և Արցախը Հայաստանին
հակադրելուն միտված արտաքին միջամտությունների առիթ է տալիս,
֊ Միացմանը հասնելու պատրվակով՝ Արցախը երևութական սուբյեկտայնությամբ օժտելու
նկրտումները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը հորիզոնական հարթության
վրա զետեղելը և «երկկողմանի» ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու անհեթեթ
փորձերն ու մտավարժանքները։
Միացման իրավաքաղաքական հայեցակարգից բխող միակ քաղաքական օրակարգը
ենթադրում է․
֊ Միացման հիմքում ընկած հիմնարար պետականաստեղծ ակտերից բխող սկզբունքների
վերամրագրումը և հետևողական կենսագործումը,
֊ Միացման իրողությունը ստվերող, դրան անհամահունչ կամ հակասող բոլոր ապօրինի և
հակասական իրավակարգավորումների անհապաղ վերանայումը,
֊ Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ համապետական ընտրություններին մասնակցելու
սահմանադրական ոտնահարված իրավունքի վերականգնումը։
Ներքոստորագրյալներս հաստատակամորեն հորդորում ենք, որ ազգային և պետական
միասնականությանը հետամուտ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, գիտակցելով
Հայաստանին Արցախի միացման իրավական ամբողջացման գոյաբանական հրամայականը
և բախտորոշ նշանակությունը, մեզ հետ միասին, աչալուրջ հետևողականությամբ մերժեն
Միացման գաղափարը բովանդակախեղելու և նենգափոխելու բոլոր ոտնձգությունները։

Արմեն Աղայան
Հրաչ Եղիազարյան
Տիգրան Կյուրեղյան
Արմեն Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյան
Արա Պապյան
Ալեքսանդր Քանանյան

 

Ավելին
Back to top button