ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Գաղափարը ծնվեց, երբ Արմանը որոշեց իրենց տան համար բազմոց պատրաստել

Առաջին հայացքից սովորական թվացող կահույքի արտադրամասում ենք, բայց այստեղ ամեն ինչ չէ, որ սովորական է:

Արման Գասպարյանն աշխատում է արդյունաբերական փայտից պատրաստած պալետներով, որոնք  օգտագործվում են ծանր բեռներ տեղափոխելու համար:

Իրենց գործառույթն իրականացնելուց հետո դրանք Արմանի ձեռքով  կահույք կամ մեկ այլ հետաքրքիր իր են դառնում։

Իսկ գաղափարը ծնվեց, երբ Արմանը որոշեց իրենց տան համար բազմոց պատրաստել։

Մասնագիտությամբ ինժեներ, այսօր արդեն կահույքագործության վարպետ Արմանը պալետների մշակումը սկզբում համատեղում էր հիմնական աշխատանքի հետ, հետո արդեն կահույքագործությունը դարձավ նրա մշտական զբաղմունքը:

Ասում է՝ հումք գտնելու  հարցում դժվարություններ չեն լինում: Ներմուծող ընկերություններից ձեռք է բերում որպես բեռնափոխադրող հարմարանք ծառայող իրերը, որոնք այլևս չեն օգտագործվելու։

Պալետներից իրեր պատրաստելն աշխարհում ընդունված է: Աշխատանքը սկսելուց առաջ Արմանն ուսումնասիրել է նաև միջազգային շուկան։

Օգտակարը հաճելիի հետ համատեղելու սկզբունքն է Արմանի աշխատանքի հիմքում, ինչը, նրա գնահատմամբ, ստացվում է: Ասում  է՝ ի սկզբանե նպատակ է ունեցել նաև մեր երկրում զարգացնել վերամշակման մշակույթը, հաճախորդներին գրավում է նաև այս մոտեցումը։

Արմանն աշխատում է ըստ հաճախորդների պատվերների, պատրաստում է ցանկացած իր, պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը՝ առաջարկելով նաև սեփական արտադրանքը:

Արմանն արդեն ունի սեփական բրենդը՝ «Պլանկա» անվանումով։

Վերջում անկեղծանալով մեզ հետ՝ նշեց՝ փայտի հետ աշխատելու նկատմամբ սեր ունեցել է դեռ դպրոցական տարիներից:

 

Ավելին
Back to top button