ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Այն գործողությունները, որ այսօր կատարվում են, հուշում են, որ վեթինգ չի լինելու»

«Խնդիրը նրանումն է, որ իշխող քաղաքական ուժը, փաստորեն, սկզբնական հայտարարության ժամանակ խորը ուսումնասիրություն չի կատարում՝ առաջ ընկնելով իր քաղաքական հայտարարություններում, հետո, երբ որ մասնագիտական վերլուծություն է կատարվում, արդեն հետ է կանգնում իր հայտարարությունից, և այստեղ պետք է զգուշավորություն դրսևորի մեր քաղաքական իշխանությունը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթին, որտեղ անդրադարձ կար դատական իշխանության հետ կապված վերջին գործողություններին, մասնավորապես, որ ոչ անհրաժեշտ ու ոչ օգտակար է դատավորների համընդհանուր վեթինգի իրականացումը։

Դիտարկմանը՝ վեթինգ լինելո՞ւ է, ի վերջո, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանեց.

«Այն գործողությունները, որ այսօր կատարվում են, հուշում են, որ վեթինգ չի լինելու, որովհետև այն իրականացնելու համար պետք է անկախ հանձնաժողով ստեղծվի, ով կունենա նման լիազորություններ, իսկ նման լիազորություններով օժտված մարմին ստեղծելու համար պետք է սահմանադրական փոփոխություններ»:

«Մի խնդիրը դեռևս չլուծած կամ մի գործիքը չօգտագործած, քաղաքական պոպուլիստական հայտարարությունների հետևից ընկնելով՝ գնանք այդպիսի ինստիտուտ վերցնենք, կիրառենք՝ չիմանալով հանդերձ, թե արդյոք դրանից հետո ինչ կստանանք, կարծում եմ, ժամանակավրեպ էր»:

Տարոն Սիմոնյանն ընդգծում է, որ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, իր առջև խնդիր է դրել ժողովրդավարությունը իրավունքի միջոցով ապահովել ճիշտ իրավաբանական մեկնաբանություններ, որի միջոցով նպաստել երկրներում ժողովրդավարության ամրապնդմանը:

«Մեզ համար, իհարկե, շատ դեպքերում միգուցե, այսպես ասած, քաղաքական իշխանության ականջին հաճելի չլինի, քանի որ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը ժողովրդավարությունը իրավունքի միջոցով չի ուզում իրականացնել, այլ ամբոխավարության, բայց դա իրավաբանների կողմից ընդունելի չէ, որովհետև ժողովրդավարությունը հնարավոր է բացառապես իրավունքի միջոցով»:

Ավելին
Back to top button
Close