Նորություններ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. ժայռաբեկորների փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպք վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Նշված հատվածում երթևեկությունը ժամականավորապես դադարեցվել է։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։

Դեպքի վար են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները։

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները ճանապարհաշինարարների հետ նշված հատվածում թափված ժայռաբեկորները փորձում են հեռացնել, իսկ ժայռաբեկորների տակ են հայտնվել Գազել մակնիշի 35 XX 233 համարանիշ և Վազ 2104 մակնիշի 34 ZZ 338 համարանիշի ավտոմեքենաներ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները մայր ու որդի են։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Թումանյանի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Back to top button
Close