ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Երևանի հին խորհրդանիշ Կուկուռուզնիկը

Երիտասարդական պալատ, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը», համարվում էր խորհրդային մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ իշխանությունները որոշում են ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երևացող վայրում կառուցվի: Երկար փնտրտուքներից հետո ընտրվում է Քանաքեռի բարձունքը՝ Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Շինության ճարտարապետներն են Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։ Շենքի կենդանության ժամանակ շատերը այն ծաղրաբանելով «Կուկուռուզ» էին անվանում, քանի որ ճարտարապետական տեսքով նմանեցնում էին եգիպտացորենի:

Կոմերիտականների մտահղացումն այն էր, որ Երիտասարդական պալատում հավաքվեն տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդներ, շփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն և ողջ այդ ընթացքում բնակվեն շենքի տարածքում գործող հյուրանոցում:

Շենքի ամենավերևի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ՝ հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը:

1979թ. հանդիսավորությամբ տեղի ունեցավ Երևանի Երիտասարդական պալատի բացման արարողությունը: 1980-ականներին Երիտասարդական պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ: 1983թ. այնտեղ հիմնվեց «Այաս» ռոք-ակումբը, որի գործունեության շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ համերգներ, փառատոններ, հանդիպումներ: Հաճախ տեղի էին ունենում նաև հանրապետական ռոք-փառատոններ, Երևան էին ժամանում խմբեր Լենինականից, Սիսիանից, Կիրովականից: 2005թ. հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ներկայումս պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի:

Back to top button