ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կասկածներ ունեմ, որ այս իրավիճակը գործող իշխանություններին ձեռք է տալիս». փաստաբանը՝ դատական համակարգի մասին

Փաստաբան Կարեն Թումանյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ԳԱԼԱ-ի գործին և ՊԵԿ-ի կողմից վերաքննիչ բողոքը հետ վերադարձնելու փաստին, ընդգծեց.

«Ամեն դեպքում ՊԵԿ-ը մտածել է, որ իրենք ճիշտ են, կամ նախորդ իշխանություններն այդ հարցով ճիշտ են եղել: Ես չգիտեմ, թե իրենք ինչպես են քննարկել իրենց աշխատասենյակներում, որ կազմվել է վերաքննիչ բողոք»:

Անդրադառնալով դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետի կոչին՝ նշեց, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի սահմանադրությամբ նման կոչեր անելու, և որևէ մեկն իրավունք չունի դատական իշխանության առաջ խոչընդոտ հանդիսանալու:

Մեր դիտարկմանը, թե հայտարարել էր, որ եթե այդ օրը որևէ մեկը խոչընդոտ հանդիսանա դատարան մուտք գործելու, դիմելու է Եվրադատարան, արդյոք մինչ այս պահը որևէ քայլ ձեռնարկել է, Թումանյանն ասաց, որ այդ օրը որևէ մեկը չի խոչընդոտել իր մուտքը դատարան:

Այս ակցիայի պատճառով, ըստ փաստաբանի, մենք ունեցանք հետընթաց, դատարանի հետ աշխատանքն այդպես չի լինում, բազմաթիվ ձևեր կան սահմանադրական ճանապարհով փոփոխություններ կատարելու:

«Ես չեմ պնդում, որ դատական համակարգը վերափոխման ենթակա չէ, ամենաշատը դատարաններից դժգոհ են փաստաբանները, և ամենաօբյեկտիվ գնահատականը նրանք կարող են տալ»:

Անդրադառնալով ԲԴԽ անդամների ընտրությանն՝ ասաց.

«Դատավորներն իրենց արժանապատիվ չեն պահում այնքանով, որ իրենց հարգեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով՝ այս պահին վերափոխված դատական համակարգ կամ դատական իշխանություն ձևավորելու միտում չի տեսնում:

Թումանյանի խոսքերով՝ ձևավորված ԲԴԽ-ն լեգիտիմ չէ:

«ԲԴԽ անդամներ այսօր ընտրվել են մարդիկ, ովքեր դեռևս շատ վեթինգի կարիք ունեն, նրանք ո՞նց ուրիշին վեթինգի ենթարկեն: Որպեսզի որևէ մեկի ասեն՝ դուք չեք համապատասխանում, իրենց համապատասխանելիության հարցը չպե՞տք է առաջ քաշվի»:

Թումանյանի գնահատմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ունենանք անկախ, օբյեկտիվ մտածող դատավորներ։

«Դատավորները դադարել են իրենք իրենց հարգել, իսկ այն դատավորները, ովքեր իրենց հարգել չգիտեն, պիտի իրենցից ազատվելու գործողություն անենք»:

Թումանյանն ընդգծեց նաև. «Կասկածներ ունեմ, որ այս իրավիճակը գործող իշխանություններին ձեռք է տալիս, որովհետև որևէ մեկը օրենքը խախտելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց»:

Back to top button