Նորություններ

Իր մորը ծեծի ենթարկելու համար երիտասարդը կրակել է

25-ամյա երիտասարդը իրենց տան բակում տեսնելով վիճաբանող մարդկանց, եւ նրանցից քիչ հեռու կանգնած իր մորը, ով աչքի մոտ վնասվածք է ստացած եղել, մտել է տուն, վերցրել իր եղբոր որսորդական հրացանը, եւ առանց դեպքի հանգամանքները պարզելու՝ երկու անգամ կրակ է արձակել, որոնցից մեկը դիպչել է մոտակայքում գտնվող հարեւանների մեկին՝ նրան պատճառելով կյանքին սպառնացող մարմնական ծանր վնասվածք։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 26-ին։ Ըստ 25-ամյա երիտասարդի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ուշ երեկոյան, ինքը գտնվել է տանը, եւ երբ բակից լսել է գոռոցի ձայներ, դուրս է եկել տանից, որպեսզի իմանա, թե ինչ է տեղի ունենում։ Նա տան բակում տեսել է անծանոթ մարդկանց, որոնք վիճաբանել են, իսկ նրանցից մի փոքր այն կողմ կանգնած է եղել մայրը, ում աչքի մոտ եղել է ուռածի ձևով վնասվածք։ Դա տեսնելով՝ նա անմիջապես տուն է գնացել, վերցրել որսորդական հրացանը և դուրս եկել։ Մեկ անգամ կրակել է օդ, որպեսզի վիճաբանողները սթափվեն, այնուհետև, երբ աստիճաններով իջել է, ոտքը անհարմար է դրել, սայթաքել է և պատահմամբ արձակել է 2-րդ կրակոցը, որի արդյունքում մոտակայքում կանգնած տղամարդը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց։ Երիտասարդը նշել է, որ ցանկություն չի ունեցել որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառել։ Մինչդեռ՝ նախաքննական մարմինը գտել է, որ երիտասարդը կրակոցները դիտավորյալ է արձակել։

Դատարանում ցուցմունք է տվել նաեւ տուժած հարեւանը, ով ասել է, որ երբ կրակոցի ձայներ է լսել, գնացել է այդ տան ուղղությամբ, եւ գտնվելով մոտ 15 մետր հեռավորության վրա՝ տեսել է, որ վիճաբանություն է տեղի ունենում։ Տուժածը նշել է, որ ներկա գտնվողներից ոչ մեկին ինքը չի ճանաչել, վիճաբանության մասնակից չի եղել, միայն ուզել է տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Նրա խոսքով՝ ինքը չի տեսել, թե ով է իր վրա կրակողը, այդ մասին հետագայում իմացել է քննիչից եւ նշել է, որ հաստատ իրեն դիտավորյալ չի կրակել, քանի որ գտնվում են շատ լավ հարաբերությունների մեջ։ Սակայն նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, որ տեսել է, թե ինչպես է այդ երիտասարդը հրացանն ուղղում իր կողմ։ Դատարանն արձանագրել է, որ տուժածի ցուցմունքներում առկա են հակասություններ։

Իսկ նախաքննության ընթացքում նա պատմել էր. «…Ինքն այդ մարդկանց հետ գալը տեսնելով, նույնպես սկսել է հետ գնալ։ Այդ ժամանակ, երբ գտնվել է Աշոտ Գուլակյանենց տան դիմացի փողոցի հակառակ մայթի մոտ, նկատել է Աշոտի ախպեր Հրաչին, որի ձեռքում կար հրացան։ Նա մոտավորապես գտնվել է իրենց տան դիմաց՝ «շոշի» մեջտեղում։ Այնպիսի տպավորություն է եղել, որ Հրայրը հրացանը ձեռքին լարվել էր այդ տղաների հետևից և նրանք Հրաչից փախչում էին։ Ինքն էլ Հրաչին այդ վիճակում տեսնելով՝ փորձել է փախչել և երբ Հրաչից գտնվել է մոտ 5-ից 6 մետր հեռավորության վրա տեսել է, որ Հրայրը ուղղել իր կողմ և կրակել մեկ անգամ։ Կրակոցը կպել է աջ ուսին և չոքել է գետնին։ Դրանից հետո այլևս չի տեսել, թե ուր է գնացել և ինչ է արել։…»

Առկա փաստական հանգամանքները քննության առնելով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  որոշում է կայացրել հիշյալ երիտասարդին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը։ Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման, եւ համաներմամբ ազատ է արձակվել պատիժը կրելուց։

Back to top button
Close