Նորություններ

ԲԴԽ կազմը ոչ մեկի «թանին թթու ասել» չի կարող. Դեմ եմ, որ ԲԴԽ-ն վեթթինգ անի

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Իմ քայլն» արդեն տապալում է վեթինգն էլ, անկախ դատական համակարգն էլ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետը պարզաբանեց՝ իր մտահոգության պատճառը Բարձրագույն դատական խորհրդի նոր կազմի ընտրությունն է:

Սաֆարյանը նշեց, որ դեմ չի եղել, որ ԲԴԽ-ն իրականացնի վեթինգը.

«Երբ տեսա՝ կազմն ինչպիսին է, դատավորների ընդհանուր ժողովը ինչ թեկնածուներ է ներկայացրել, ու ինչ մարմին ունենք, նույնիսկ համարում եմ, որ դատավորները շատ խելոք են վարվել. ընտրել են այնպիսի մարդկանց, ովքեր իրենց հանդեպ ուղղակի մեղմ չլինելու իրավունքը չունեն»:

Քաղաքագետի կարծիքով՝ ավելի աղմկոտ գործերով մասնակցած, իրենց դիրքորոշումները հայտնած այս դատավորները, որոնք իրենք խոցելի են, ավելի քիչ խոցելի դատավորների «թանին թթու չեն ասելու»:

«Այստեղ խնդիրը հետևյալի մեջ է՝ նախ և առաջ պետք էր շենքի հիմքերը ամուր գցել, այսինքն՝ եթե այդ մարմինը դատավորներ է նշանակելու, վեթինգ է իրականացնելու, այդ մարմնում պետք է լինեին աներկբա, անաչառ, անխոցելի մարդիկ, ովքեր արդեն կմաքրեին, կֆիլտրեին մյուս համակարգը»:

Սաֆարյանի դիտարկմամբ՝ այժմ շատ մեծ ռիսկեր կան, և դրանով է պայմանավորված իր մտահոգությունը:

«Արդեն քիչ եմ հավատում, որ այդ մարմինն ունակ է լինելու խոսել այլոց խոցելիությունից, եթե այդ մարմնի անդամներն իրենք խոցելի են: Համարում եմ իրականացվող վեթինգը, ռիսկերով լեցուն է լինելու, ես չգիտեմ այդ դատավորներն ինչպես են դիմացինին մեղադրելու, եթե դիմացինն իրենց մեղադրի»,- եզրափակեց նա:

Ավելին
Back to top button