Նորություններ

10 հեռուստաընկերությունները նոր օրենքով հնարավորություն են ունենալու ներառվել թվայնացման ցանցի մեջ. լրագրողական 3 կազմակերպություն ներկայացրին օրենքի նոր նախագիծ

Լրագրողական երեք կազմակերպություն առաջարկում են իրենց մշակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծը:  Նախագիծն արդեն հանձնել  են ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննությանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, խոսելով նոր նախագծի անհրաժեշտության մասին, ընդգծեց, որ ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Ներկայացնելով  նոր  օրինագծի հիմնական առանձնահատկությունները՝ Աշոտ Մելիքյանն ընդգծեց՝ այն 10 հեռուստաընկերությունները, որոնք դուրս էին մնացել թվայնացման գործընթացից, նոր օրենքով հնարավորություն են ունենալու ներառվել թվայնացման ցանցի մեջ։

Մարզային հեռուստաընկերությունների խնդրին անդրադարձավ նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Առաջարկվող օրենքի առանձնահատկություններից  է նաև մասնավոր մուլտիպլեքսի առկայության անհրաժեշտությունը:

Գործող օրենքը շատ անբարենպաստ պայմաններ է դրա համար ստեղծում, ընդգծում է Մելիքյանն ու հավելում, որ առանց մասնավոր մուլտիպլեքսի այս ոլորտում բոլոր հեռարձակողները կենտրոնանում են հանրային հեռարձակման թվային ցանցում, իսկ այս փաստը չի բերելու ոլորտի զարգացման։

Այս համատեքստում կարևոր է նաև  այն, որ առաջարկվող  նախագծով հստակեցվել է, թե ինչ է նվազագույն սոցիալական փաթեթը։

Տեղեկացրին նաև՝ առաջարկվող նախագծում նոր մոտեցումներ կան  հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ՝ խորհրդի ձևավորումից մինչև մաքսիմալ հաշվետվողականության և թափանցիկության ապահովում:

Նախագծի հեղինակներից  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի ժխտում, որ օրինագիծը որոշ անհարմարություն է առաջացնելու ոլորտում, բայց դրա պատճառն այն է, որ  օրենսդրական դաշտ ձևավորելու առումով մենք 20 տարի կորցրել ենք, և այդ տարիների ընթացքում կուտակված խնդիրները հանգեցրել են շատ արագ և սկզբունքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության։

Նախագծով առաջարկվում է նաև մաքսիմալ թափանցիկություն ապահովել լրատվամիջոցների սեփականատերերի առումով: Պարզեցվելու է նաև լիցենզավորման գործընթացը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ընդգծեց, որ նախագիծը կազմելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծի հեղինակներն ընդգծեցին՝ ակնկալում են հանրային լայն քննարկում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ավելին
Back to top button