Նորություններ

Նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը և կմեծացնի արտահանման հնարավորությունները

Այսօր Երևանում տեղի է ունեցել նոր 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 26 ամսվա ընթացքում, այդ նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Մասնագետների հավաստմամբ էներգաբլոկը նախագծվել է ժամանակակից չափանիշներով և որակյալ սարքավորումների ու լավագույն փորձի ներդրմամբ:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումն ուղղված է Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների մեծացմանը։ Կայանի գոյությունը հնարավորություն կտա ունենալ ավելի մրցունակ և բավարար քանակով էլեկտրաէներգիա, որպեսզի կարողանանք մեծացնել արտահանման պոտենցիալը: Էլէկտրակայանն ի զորու կլինի արտադրել 1,8-2 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա տարեկան կտրվածքով։ Փոխնախարարի խոսքով` 2018թ․ նոր կառավարությունը նախաձեռնեց նոր ջերմաէլեկտրակայանի ներդրողի հետ բանակցություններ՝ գնի և պայմանների վերաբերյալ:

«Մենք հաջողությամբ ավարտեցինք բոլոր բանակցությունները և այսօր ունենք պետության և մասնավորի համար հաջողված գործարք, որը հնարավորություն կտա հետագայում մեղմել սակագնային ճնշումները: Որքանով ինքը կնպաստի գների իջեցմանը, դա պետք է պարզ լինի կառուցումից և այդ պահին գործող սակագնի իրավիճակից: Բայց որ ինքը զսպող գործոն կլինի սակագների, գնային ճնշումների համար, դա հստակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Վարդանյանը:

Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի, ինչի շնորհիվ այլ ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Նոր արտադրվող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես` Հայաստան-Իրան գազ- էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրում:

Ծրագրի իրականացման շրջանակային համաձայնագիրը կնքվել էր 2017թ. ապրիլի 27-ին, այնուհետև համաձայնագրի դրույթները վարչապետ Փաշինյանի գլխավորած ՀՀ նոր կառավարության կողմից վերաբանակցվել են, և 2018թ. նոյեմբերի 13-ին ստորագրվել է Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:

Ավելին
Back to top button