Նորություններ

Հայաստանում օդային ուղևորահոսքն աճել է նաև Վրաստանում ստեղծված իրավիճակի արդյունքում

Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունիս ամսին 2018-ի հունիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.1 տոկոսով: Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Նշվում է, որ ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր առմամբ կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1 տոկոսով:

«2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Զվարթնոցում ուղևորահոսքն ավելացել է 15.4 տոկոսով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր:

2019 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 16 738 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33.2 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 մլն 320 հազար 609 մարդ, որը` 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 3.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Ալիք մեդիան» կապ հաստատեց կոմիտեի բաժնի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի հետ՝ ուղևորահոսքի աճի պատճառները հասկանալու համար։ Պարզվում է՝ հնարավոր է հենց Վրաստանում ստեղծված իրավիճակի արդյունքում է նման պատկեր ստացվում։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ ավիաընկերություններին արգելելով  հուլիսի 8-ից օդային փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։ Հիշեցնենք, որ Վրաստան-Ռուսաստան նոր լարվածությունը սկսվեց, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, երկրում հակառուսական մեծ ալիք բարձրացավ։

Պուտինի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետի՝ քաղաքավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ հայտարարեց, թե հայկական ավիաընկերությունները պատրաստ են Վրաստան-ՌԴ ճգնաժամի կարգավորմանը։

«Ուղևորահոսքի աճը, բնականաբար, կապում ենք ռուս-վրացական լարված հարաբերությունների հետ, թեև սա ընդամենը ենթադրություն է, սակայն հատկանշական է, որ նախորդ տարիներին նմանատիպ ուղևորահոսք ու չվերթների քանակ չի եղել։ Այս պահին վրացական հիմնական ավիափոխադրողը՝ Georgian Airways-ը, հուլիսի 8-ից Երևան-Թբիլիսի երթուղով թռիչքներ է իրականացնում օրական երկու անգամ, մինչդեռ մինչ այս ունեցել ենք ընդամենը շաբաթական յոթ անգամ, այսինքն օրը մեկ անգամ։ Բացի այդ, շատ երկար տարիներ մենք չենք ունեցել Բաթումի-Երևան չվերթներ, մինչդեռ հիմա շաբաթական յոթ թռիչք ունենք»,-ասում է Փարսլյանը՝ հավելելով, որ այս ամենին գումարվել է նաև այն, որ ռուսական շատ ավիաընկերություններ էլ են իրենց չվերթներն ավելացրել։

Փարսլյանը նշում է նաև, որ «Արմենիա» ավիաընկերությունը, որը թրիչքներ չէր իրականացնում Մոսկվայի ուղղությամբ, այժմ օրական երկու թռիչք ունի։

«Ավիաընկերություններից շահեց թերևս «Արմենիան», մինչդեռ ռուսական ու վրացական ավիաընկերությունները ստիպված Հայաստանի միջոցով երկարացնում են ճանապարհը։ Իհարկե, այս դեպքում մենք շահող ենք դուրս եկել, բայց շատ վատ է, երբ հարևանները կոնֆլիկտ ունեն ու հուսով ենք առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,-եզրափակում է Փարսլյանը։

aliq.ge

Ավելին
Back to top button
Close