ՆորություններՍպորտ

Ալաշկերտն արդարացրեց սպասելիքները. վստահ հաղթանակ Մակեդոնիայի նկատմամբ

Մի քանի տարի շարունակ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում խաղացած «Ալաշկերտը» սկսեց իր ուղին Եվրոպա լիգայում: Մեր գավաթակրի մրցակիցը Հս. Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմն էր: Մրցակցի մարզիչը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ֆավորիտը երևանյան թիմն է ու չսխալվեց: «Ալաշկերտը» հաղթեց 3-1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ մեր թիմի բացահայտ առավելությամբ, իսկ արդեն 16-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի հիասքանչ փոխանցումից հետո Նիկիտա Տանկովը բացեց հանդիպման հաշիվը: Երևանցիներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով, բայց արդեն 52-րդ րոպեին հյուրերը տուգանայինի խաղարկումից հետո կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ մեկնարկային կազմում տեղ գտած Ալեն Յաշարոսկին:

62-րդ րոպեին Դանիլո Սեկուլիչը հեռու տարածությունից սպառնաց դարպասին, բայց գնդակը բարձր ընթացավ: Ընդամենը 4 րոպե անց սերբ ֆուտբոլիստին հաջողվեց ուղղել սխալը. առաջին գոլի հեղինակ Տանկովի փոխանցումից հետո Սեկուլիչը մոտ տարածությունից գլխի հարվածով նորից առաջ մղեց մեր թիմին:

71-րդ րոպեին Գուստավո Մարմենտինիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ «Ալաշկերտի» նորեկ Տիագո Կոելյո Անդրադեն, որն իր նորամուտը նշեց երևանյան ակումբի կազմում:

Խաղավարտից 8 րոպե առաջ խառը իրավիճակում մրցակցի կազմում Լիմա դա Սիլվան գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Մինչև խաղավարտ Խաշմանյանի թիմը ևս մի քանի լավ գոլային պահ ունեցավ ու ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:

Նշենք, որ «Ալաշկերտ» վերադառնալուց հետո թիմում իր առաջին խաղն անցկացրեց Միհրան Մանասյանը՝ խաղադաշտ դուրս գալով 89-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին:

armsport.am

Ավելին
Back to top button
Close