Նորություններ

«Քննիչներ, ոստիկաններ, արդեն մի քանի օր գնում-գալիս են». Մեծ Սեպասարում հուղարկավորել են ինքնասպան եղած 21-ամյա տղային

Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքում հուղարկավորել են 21-ամյա տղային, ով 6 ամիս առաջ էր զորացրվել բանակից: Մայրը որդուն գտել էր մահացած վիճակում: Մինչ այդ նա հոր հետ շինարարական աշխատանքներ է կատարել:

Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի բնակիչներն ապշած են, բոլորը փորձում են հասկանալ տեղի ունեցածը: Հատկապես, որ տղայի ընտանիքը սոցիալական վատ վիճակում չէր, և ինքն էլ պատրաստվում էր նոր աշխատանքի անցնել ուժային կառույցներից մեկում:

«Չկար մեկը, որ չէր սգում: Ամբողջ գյուղն ապշահար է, փորձում են հասկանալ, թե ինչ եղավ տղային: Ինքը հենց այդ օրն աշխատելիս է  եղել հոր հետ: Հենց հաց են դրել, տեսել են, որ չկա տղան, փնտրել են: Հետո մայրը մտել է գոմ ու երեխային գտել է առաստաղից կախված վիճակում: Երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած, ինքը տան միակ տղան էր: Ես չգիտեմ, ընտանիքի անդամների հետ երևի թե շփվում է, բայց ինքը էդքան շփվող երեխա էլ չէր, ընկերներ չուներ, որ, ասենք, խոսենք հետները, հասկանանք…»:

Գյուղապետն ասում է, որ տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն քիչ հավանական է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահարի արդյունք է: Մյուս վարկածը, թե հնարավոր է, որ տեղի է ունեցել սպանություն, Կարեն Մանուկյանը եւս քիչ հավանական է համարում: Առավել հավանական է, որ ինքնասպանություն է, բայց պատճառները հայտնի չեն:

«Քննիչներ, ոստիկաններ, արդեն մի քանի օր գնում-գալիս են, բոլորին էլ հարցնում են, սպասենք, զինվենք համբերությամբ, մի օր կիմանանք, թե ինչը կարող էր պատճառ լինել»:

Գյուղապետը շեշտեց նաև, որ մամուլում անընդհատ գրում են, թե տղան նոր էր բանակից եկել, բայց տղան բանակից եկել էր  6 ամիս առաջ, ուստի բանակի հետ կապելն էլ ճիշտ չէ:

 

Ավելին
Back to top button
Close