Նորություններ

2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, էներգետիկ համակարգի խափանման պատճառները

Վարչապետի անդրադարձը կառավարության նիստում.

2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:

Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակնում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը,  դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Հունիսի 1-ից  արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն արդեն ստանում են բարձրացված աշխատավարձերը:

Հաջորդ՝ ավելի կարևոր խնդիր քննարկվեց երեկ, պարոն Խաչատրյան, երեկ Դուք ներկա չէիք: Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Ինչպես կառավարության և «Իմ քայլը» դաշինքի  ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով:

Որպես այդ գործողությունների հերթական հանգրվան՝ Վիետնամ և Սինգապուր այցի շրջանակում էլ քննարկումներ ունեցել ենք: Այս պահին, կարծում եմ, պետք է ստեղծենք աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Խոսքն առանձնահատուկ այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք: Պայմանավորվենք, որ դուք այս ընկերությունների հետ աշխատանքները, քայլերը կսկսեք, և մենք մինչև օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք աշխատանքային հանդիպում և քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն անելու՝ վերամշակող արդյունաբերությանն աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ: Նկատի ունեմ մինչև օգոստոսի 20-ը դուք աշխատանքային կարգով քննարկումներ ունեցեք: Մինչև հիմա դրանք եղել են տարբեր ֆորմատներում, կան առաջարկներ, որոնց հետ կապված մեր վերաբերմունքը մինչև սեպտեմբեր պետք է հստակեցնենք: Պայմանավորվենք, որ կհանդիպենք և կամփոփենք առաջարկները:

***

Պարբերաբար և չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդները պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հաջորդ թեման, որին կուզեի անդրադառնալ, վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են՝ բոլորիս հայտնի ավտովթար, ավտովթարները, որոնց արդյունքում մենք մեծ թվով զոհեր ունեցանք: Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն Ազգային ժողովում է, և կարծում եմ՝ մենք ԱԺ հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել: Այս հարցով, կարծում եմ, կառավարությունը և նաև ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ: Հիշում եք, այդ թեմայով մեկ անգամ խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պետք է ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որպեսզի քաղաքացիները նույնպես երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրելու և դա ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, և ոստիկանությունն էլ տեղյակ է այդ աշխատանքից: Պետք է հստակ արձանագրենք, որ քաղաքական կամքը և որոշումը կա, խնդիրն այս որոշման տեխնիկական մասն ապահովելն է, համապատասխան ծրագրային ապահովում լինի, որպեսզի այդ գործողություններն ինչ-որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ:

Բայց, պարոն Օսիպյան, մենք այս թեմաներով մի քանի անգամ խոսել ենք: Կարծում եմ, որ պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Իհարկե, հասկանալի է, որ այսօր և հատկապես 2018-2019 թթ. Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել: Այսօր աներևակայելի թվով ավտոմեքենա կա Հայաստանի Հանրապետությունում, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, և դա իր հերթին բերում է մարտահրավերներ, և այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Եվ էլի եմ ասում, պետք է հաշվի առնենք, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության և առողջության մասին է: Պարոն Օսիպյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել և ի՞նչ միջոցներ եք պատրաստվում ձեռնարկել այս հարցում շոշափելի փոփոխություն ունենալու համար, մինչև օրենքի նախագիծը կընդունվի, ուժի մեջ կմտնի և արդեն գործնականում կկիրառվի:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյան – Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, մենք բոլորս ցավում ենք վերջին դեպքով, այդ թվում՝ ոստիկանության ողջ անձնակազմը և Ձեր մտահոգությունը նաև տեղին է, պարոն, վարչապետ: Վերջին տարիներին, որ նման դեպքեր եղել են՝ օրինակ, 2011 թ. Արցախի փողոցի վրա մենք 4 զոհ ունեցանք, վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել, 2014 թ. Երևան-Գյումրի Հոռոմի խաչմերուկի վրա ունեցանք 7 զոհ՝ էլի նույնատիպ վթարով, հրդեհով, և Երևան-Երասխ Զոդի կամուրջի վրա եղավ: Վստահեցնում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որ յուրաքանչյուր դեպքով, անգամ հանցագործության, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ և վթարներով, հատկապես այն վթարներով, որոնք ունեն զոհեր, մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում և չենք կարող ֆիզիկապես այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, կոնկրետ վերակարգեր ունենալ: Տեսեք, դեպքը տեղի է ունեցել կամուրջի վրա, որտեղ անթույլատրելի է վազանց անել, օրենքով չի թույլատրվում կայանել և այլն, և այլն, անգամ, եթե վնասված մեքենա է լինում, փչացած, պետք է վարորդը կամուրջից հանելու միջոցներ ձեռնարկի: Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է՝ ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Բայց Ձեզ ուզում եմ որոշ տվյալներ բերել, պարոն վարչապետ:

ՃՊՏ հետևանքով պատահարները վերջին 10 տարիներին շարունակվում են և կարծես միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ զուգահեռ աճում են զոհերը և վիրավորները: Օրինակ, 2018 թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել են 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն՝ 342 դեպքով ավելի և 19 զոհ ավելի, ապրիլի դրությամբ 69 զոհ ունենք և 3212 վիրավոր, ինչը 476 վիրավորով ավելի է: Դուք ճիշտ նկատեցիք, որ աննախադեպ ավտոմեքենաների հոսք ունենք, մեր հայրենակիցները ներկրում են հանրապետություն: 2017 թ. ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018 թ.՝ 73562, 2018 թ. 6 ամիսներին՝ 28954, իսկ 2019 թ. 6 ամիսներին՝ արդեն ունենք 25662-ով ավելի, այսինքն՝ ներկրվել է 54216 ավտոտրանսպորտային միջոց ավելի, քան 2018 թ. առաջին կիսամյակում: Եվ այստեղ ես կուզենայի նշել, որ ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում այս ամենը, պարոն վարչապետ, նաև ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, աննկատ համակարգը ձևական բնույթ է կրում, կարելի է ասել, ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ինձ զեկուցում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը: Այսինքն՝ դա հետևանք է այն բանի, որ ինչ-որ մի դետալ մաշվել է, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն այսօր թե՛ ավտոշուկայում, թե՛ ներկրողներն ընդամենը փայլացնում են արտաքնապես, բայց բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում: Նախկինում դա պարտադիր էր. պարտադիր համապատասխան կետերում անցնում էին, նոր անցնելուց հետո թույլատրվում էր շահագործումը: Կան երկրներ, օրինակ, Դուբայում, նայում են, տեսնում են՝ անվադողերն իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողերին այստեղ կտան շատ բարձր գին, բայց քանի որ անվադողը ժամկետանց է, անգամ չեն թույլատրում և պարտադրում են մինչև դա կարգի չբերի, չթույլատրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, պարոն Օսիպյան, ես կարծում եմ, որ այստեղ չկա մի գործողություն, որով բոլոր հարցերը լուծվեն: Հարցերը պետք է լուծվեն հետևողական, տրամաբանված ռազմավարություն և ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով, և ես կարծում եմ, անկեղծ ասած, որ այդ միավորների համակարգը շատ լավ համակարգ է, որն էականորեն կփոխի իրավիճակը, իսկ մնացած հարցերը մեր ռազմավարությունների քննարկման համատեքստում պետք է քննարկել և ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես ենք լուծելու այդ հարցը: Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային: Այնպես որ պետք է նախ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը և ընդհանրապես ճանապարհային անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը՝ բալային համակարգի ներդրումն է, և երրորդը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ հնարավորություն ունենան նաև նպաստ բերել երթևեկության անվտանգության պահպանմանը: Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև արդեն այն, ինչ պայմանավորվել ենք՝ ուժեղացված ծառայությունները ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հայտնաբերումը, գերբեռնված մեքենաների հայտնաբերումը և այդպես շարունակ: Սրանք շրջիկ թեմաներ են, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են, այստեղ ֆունդամենտալ լուծումներ են պետք:

***

Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան — Մեծարգո վարչապետ,

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ այս թեմայից դուրս զեկուցել երեկվա էլեկտրաէներգիայի խնդիրների վերաբերյալ, որոնց շուրջ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել: Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Չնայած նախնական տվյալները կան, բայց, կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ես գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի կողմերն արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ես ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև  կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով և քննարկում էինք այդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչն ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները, երկու վարկած կա՝ արտաքին, կարծես թե ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան – Պարոն վարչապետ, ես աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էի: Վերադառնալուն պես խորհրդակցություն եմ հրավիրել և կառավարության նիստից անմիջապես առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել: Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, ես Ձեզ մանրամասն կզեկուցեմ:

Ավելին
Back to top button
Close