Նորություններ

Նախագահ Դոնալդ Տուսկի ելույթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ջերմ ընդունելության և գերազանց քննարկման համար: Սա իմ առաջին այցն է Երևան՝ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո: Ուրախ եմ լինել այստեղ այսօր՝ Հայաստանում առկա դրական դինամիկան նոր հեռանկարներ է բացում մեր հետագա համագործակցության համար: Իմ այցը վկայում է այն մասին, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերությունները:

Մեր քննարկման ընթացքում կարևորվեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը՝ հավակնոտ համաձայնագրի, որն աջակցում է Հայաստանի արդիականացմանը: Եվրամիությունը կշարունակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: .

Վարչապետն ու ես համակարծիք էինք, որ օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը կարևոր են: ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական ​​համակարգ ստեղծելու ուղղությամբ կենտոնցումը: Կուռ դատական ​​համակարգը ժողովրդավարության կայացման և տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ է: Այս ուղղությամբ նույնպես ԵՄ-ն կշարունակի աջակցել փորձի փոխանակմամբ և մոբիլիզացնելով հավելյալ ռեսուրսներ: Մենք նաև քննարկեցինք հակակոռուպցիոն մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման գաղափարը:

Ի նշան Կառավարության կողմից բարեփոխումների ուղղությամբ ներդրվող ջանքերի ճանաչման՝ 2019 թվականին ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է մեր աջակցությունը Հայաստանին: Ֆինանսական միջոցները կօգնեն իրականացնել առաջնհերթ նշանակության ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Այս համատեքստում ավելի ուշ այսօր ակնկալում եմ այցելություն Սևանա լիճ, որտեղ ըստ Բրյուսելում վարչապետ Փաշինյանի վերջին այցի ընթացքում ձեռք բերված համաձայնության՝ Եվրամիությունը կաջակցի ջրային ռեսուրսների կառավարմանը: Եվ ես հնարավորություն կունենամ այցելել Սևանավանք համալիր, որը եվրոպական մշակույթում Հայաստանի հազարամյա պատմության մասնակցության վկայությունն է:

Այսօր քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: Եվրամիությունը խրախուսում է նախորդ տարվա դինամիկան, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու պարտավորությունը և կենտրոնացումը հումանիտար հարցերի ուղղությամբ: Այդուհանդերձ մենք կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը վերջերս շփման գծում հասցված վնասների, ինչպես նաև դեպի էսկալացիա տանող հռետորաբանության փաստերով: Երկու կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և միջոցներ ձեռնարկել իրական բանակցություններին և խաղաղությանը նպաստող մթնոլորտը վերականգնելու ուղությամբ:

Հակամարտությանը չկա ռազմական հանգուցալուծում. Անհրաժեշտ է քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն: Եվրամիությունը շարունակում է լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը արդար և տևական կարգավորմանը՝ հիմք ընդունելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին և պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն՝ նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության:

Պարոն Վարչապետ, թույլ տվեք ամփոփել և վերստին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Ձեր առաջնորդությամբ իրականացվող առաջընթացն ինձ համար հուսադրող է և ես ուզում եմ հավաստիացնել, որ Եվրամիությունը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ` ի շահ բոլոր ՀՀ քաղաքացիների:

Շնորհակալություն:

Ավելին
Back to top button