Նորություններ

ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները, նշանակել օր

ՀՀ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշումներ է հրապարակել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան)՝ դիմումներն ընդունելու և դատաքննության օր նշանակելու մասին:

Գործերը հիմնականում վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելուն:

 nՍահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու, Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ առաջարկությունները, որոշել է.

  1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝

ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,

բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,

գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

  1. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:
  2. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:
  3. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
  4. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին:

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության և գործի դատաքննությունը կսկսի 2019 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 10.00-ին:

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը ևս ընդունվել է քննության և կրկին դատաքննությունը կսկսի օգոստոսի 29-ին` ժամը 10.00-ին:

Բոլոր գործերով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը:

Ավելին
Back to top button
Close