Նորություններ

Զոդի կամրջի ողբերգական վթարի գործով ձերբակալված «Տոյոտա Հիլուքս»–ի վարորդը կալանավորվեց

Արարատի մարզի դատարանն այսօր՝ հուլիսի 10–ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Վթարի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են (6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական), «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

NEWS.am

Ավելին
Back to top button