Նորություններ

«Սրտի 180 զարկով էրեխուն տարան բանակ ու սպանված բերին»

Զոհված զինվորի հարազատները պահանջում են օբյեկտիվ ու խորքային քննություն

«Մեկ տարի առաջ ժամկետային զինծառայող 19-ամյա Մարտին Խաչատրյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են»,-այսօր «Ասպարեզ» ակումբում հայտարարեցին Մ.Խաչատրյանի հարազատները եւ մատնացույց արեցին փաստաթղթերի տրցակներ, դիմումներ: Զոհված Մարտին Խաչատրյանի պապը` Ֆերդինանդ Սարգսյանը պատմում է, որ մեկ տարվա ընթացքում ուղարկած տարբեր դիումներին նույնաբովանդակ, անորոշ պատասխաններ են ուղարկում իրեն, գործը երկարաձգում են:

Նախորդ տարի պաշտոնապես հրապարակվեց, որ 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Հարազատները պնդում են` մինչեւ հիմա իրենց հստակ ոչինչ չեն ասում, իրենք անորոշ վիճակում են:

 

Մարտին Խաչատրյանը բնակվել է Գյումրիում, սովորել քաղաքի թիվ 23 դպրոցում, ավարտել է բարձր առաջադիմությամբ, այնուհետ բարձրագույն կրթություն է ստացել Երեւանում, կրկին բարձր առաջադիմություն ցուցաբերել: Ուսումը կիսատ թողնելուց հետո մեկնել է ՀՀ բանակ, եղել է նաեւ ՌԴ քաղաքացի` ունենալով ռուսական անձնագիր:

Մ.Խաչատրյանն ունեցել է առողջական խնդիրներ, սակայն զորակոչվել է բանակ: Ընտանիքը Մ.Խաչատրյանի առողջական խնդիրների լուծման նպատակով գտնվել է ՌԴ-ում, Մարտինը չի համաձայնել ծառայել ռուսական բանակում, նախընտրել է հայկական բանակը:

Տասը ամիս ծառայել է բանակում, հարազատների խոսքով, երբեւէ դժգոհություններ չեն եղել ծառայության վերաբերյալ: Վերջին հեռախոսազրույցը եղել է դեպքից երկու օր առաջ, Մարտինը զրուցել է մոր եւ տատի հետ:

«15 օրով են բարձրացել դիրքեր, այդ դեպքը եղավ դիրքերում մնալու 13-րդ օրը: Դեպքից երկու օր առաջ զանգեց մեզ, խոսաց, ասաց` կամանդիրն իջել է վար, դրա համար երկար կխոսամ: Ասաց` ես լավ եմ իմ մասին, մի մտածեք, ու մորը տվեցի: Ես սարսափա, մտածեցի` եթե կամանդիրը գնացել է, հմի էս էրեխեքը ինչըղ պտի մնան էդտեղ, հետո ասացի` 13 օր իրար հետ են եղել, ինչ պիտի էղնի…: Դեպքը եղավ երկրորդ օրը` ժամը մեկ անց կես: Կանգնեցրել են պոստի վրա, պոստի վրա խփել են, ո՞վ է փխել, ի՞նչղ են խփել… իրենք ասում են` մենք չգիտենք…հանելուկ է դարձել»,-հեծկլտալով պատմում է Ամալյա Սարգսյանը` Մարտին Խաչատրյանի տատը:

Մարտին Խաչատրյանի մորեղբայրը` Հրաչ Սարգսյանը վերհիշում է, թե ինչ է պատմել իրենց Մ.Խաչատրյանի զինակիցը դեպքի վերաբերյալ:  «Իր հետ եղած զինվորը պատմել է, թե իրար հետ դուրս են ելել պոստ` բլինդաժից դուրս, նստել են խրամատում, իրար դիմաց, մի քիչ քնել են, հետո զինվորը զարթնել է, տեսել է` Մարտինը զենքը առել, գնացել է մի քիչ հեռու եւ դմփուն է առել, ու վազել, իբր այդտեղ տեսել է, որ Մարտինն ինքն իրեն խփել է: Իրենք բերում են ինքնասպանության վարկած: Իբր քնած է եղել, ավտոմատը` բռնած, բայց ինչպես պիտի հանկարծակի ընկնի ավտոմատի վրա, որ իրեն կրակի»,-հարցնում է Հ.Սարգսյանը:

Մ.Խաչատրյանի տատը շարունակում է` ասելով. «Իրենք գնացել են, որ ավտոմատը իր վրա չի եղել, կողքը դրած է եղել»: Այնուհետ Հ.Սարգսյանն ավելացնում է. «Իրենք ուզում են մեզ համոզել, որ քնած է եղել, միամիտ զարթնել է ընկել է ավտոմատի վրա…: Ինչ դեպք լինում է, ասում են` ինքնասպանություն է»,-նշում է մորեղբայրը:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խաչատրյանն ալկոհոլ է օգտագործել: Տատը պնդում է` բոլոր ծառայողներից միայն թոռան մոտ են հայտնաբերել ալկոհոլ օգտագործած լինելու փաստը, եւ պնդում է` Մարտինը երբեք հակում չի ունեցել ալկոհոլի հանդեպ:

Ո՞վ է խմիչք տվել թոռանը, կամ ինչո՞ւ են դիրքում խմել, ո՞վ/ովքեր եւ ինչպե՞ս է խմիչքը հասցրել դիրքեր, կամ ինչպե՞ս են ալկոհոլ ընդունած մարդուն վստահել դիրքերը. այս ու նման հարցերի պատասխաններն արդեն մեկ տարուց ավել է` հարազատները չեն կարող ստանալ: Այսպիսի հարցադրումներով Մարտին Խաչատրյանի պապը` Ֆ.Սարգսյանը նամակներ է գրել վարչապետին:

2018 թվականի հուլիսի 20-ին Ֆ.Սարգսյանի դիմումն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է Բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Վ.Քոչարյանը, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Մարտին Խաչատրյանը զինվորական ծառայության է զորակոչվել բժշկական սահմանափակումներով` 26դ եւ 70բ: «Զորամասում ծառայության է անցել 2017 թվականի օգոստոսի 18-ից, որից հետո նախապատսրաստական վաշտում անցնելով 5 ամսյա դասընթացներ, ծառայության է նշանակվել 3-րդ հրաձգային գումարտակում: Համաձայն այդ ժամանակավա գործող հրամանի, 26դ եւ 70բ հոդվածները բարձր լեռնային կլիմայական գոտիներում մարտական հերթապահության ծառայությանը հակացուցված չեն եղել: Մ.Խաչատրյանը ստորաբաժանումների մարտական հերթապահության անցկացման նախապատրաստման եւ իրականացման առաջին փուլում անցել է համապատասխան բուժզզնում եւ 2018 թվականի մայիսի 10-ին մեկնել մարտական հերթապահության: Նա իրեն կցագրված հաստիքային զենքին տիրապետել է, իսկ կրակային պատրաստությունից ստացել է «բավարար» գիտելիքներ:

2018 թվականի մայիսի 22-ին Մ.Խաչատրյանի մարտական հենակետում որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ի կողմից 22.05.2018 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 91157518 քրեական գործը, իսկ 2018թ-ի հունիսի 14-ից նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳՔ վարչությունը:

Նա բնութագրվել է որպես կարգապահ, բարեխիղճ զինվոր, որի մահվան կապակցությամբ խիստ ցավում ենք: Ուստի, զերծ մնալով որեւէ այլ ենթադրություններից, սպասենք վերջնական արդյունքի»,գրել է գեներալ-մայոր Վ.Քոչարյանը:

Բաց նամակով եւս դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ֆ.Սարգսյանը հուլիսի մեկին գրել է, որ թոռան սպանության ժամանակ գոյություն են ունեցել օրինախախտումներ, որոնք իրավապահներն անտեսել են: «Ինչո՞ւ են լիցքաթափել սպանվածի զենքը»,-ինքն իրեն հարց է տալիս պապն ու պատասխանում. «Ստիպված են եղել մաքրել մատնահետքերը»:

Մյուս օրինախախտումը, ըստ Ֆ.Սարգսյանի, այն է, որ հերթապահ սպաները բացակայել են դիրքերից: «Դա հանցագործություն է` անկախ պատրվակից, որովհետեւ եթե նրանք չբացակայեին, հնարավոր է թույլ չտային հարբած զինվորին դիրքապահ կանգնեցնել եւ սպանությունն էլ տեղի չէր ունենա»:

Նամակում Ֆ.Սարգսյանի պապը գրել է, որ փորձել են պաշտպանել հանցագործին, սպանությունը դարձրել ինքնասպանություն եւ արդարադատության հին համակարգը խանգարում է այդ գործի բացահայտմանը:

«Հուսով եմ` ժողովրդի ընտրյալը անցումային արդարադատության խոստումը գործի կվերածի»,-նկատի ունենալով Ն.Փաշինյանի անցումային արդարադատության հասնելու քայլը, գրել է պապը:

Ապրիլի 12-ին եւ մայիսի 5-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա.Ամիրյանը Ֆերդինանտ Սարգսյանի դիմումների ի պատասխան գրավոր մասնավորապես տեղեկացրել է. «Քրեական գործով ձեռնարկվել եւ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու, հանցանք կատարած անձին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Հարազատները պնդում են, որ մինչեւ հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել գործի առնչությամբ եւ ասում են, որ իրենց հույսը լրատվամիջոցներն են, որ իրենց խոսքը հասցնեն վարչապետին, հասարակությանը:

«Մորը տեսնեք` 45 տարեկան մանկավարժ է, ինչղ օր 75 տարեկան էղնի: Պապը գիշերները քուն չունի, մենք խելքերս թռցրել ենք, մեր էրեխեն չկա: Լսի կտոր էրեխա էր, տեսնեն ինչ սորվող էր: Որ անվտանգությունը չես կարող պահել, ինչի՞ համար կտանիս էրեխեքին:

Կյանքի գնով մերը պահեց մեծցրեց, որ էսօրվա օրը կորցնեինք: Եթե գնար, կանգներ պոստին, թշնամին պոստին խփեր, հերոսի կոչում տային, կհասկնայինք, որ հայրենիքի համար է տվել կյանքը, իսկ հմի ի՞նչ սենք»,-ասում է տատն ու պատմում, որ Մարտին Խաչատրյանն ունեցել է նաեւ սրտի աշխատանքի խնդիր եւ այդ հիվանդությամբ բարձրացել դիքրքեր:

«Հիվանդությամբ գնաց բանակ, սրտի 180 զարկով էրեխուն տարան բանակ ու սպանված բերին»,-եզրափակում է տատը:

Անի Մկրտչյան

asparez.am

Ավելին
Back to top button