«Վթարների մեծ մասը տեղի է ունենում վարորդների ցածր գիտակցության պատճառով». պատգամավոր

«Մեր վարորդները պետք է գիտակցեն, որ իրենց վարած մեքենայով իրենք վտանգ կարող են սպառնալ ոչ միայն իրենց, այլ նաև դիմացինի համար»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է վերջին շրջանում վթարների ավելանալու պատճառը:
Պատգամավորը հավելեց նաև, որ վթարների մեծ մասը տեղի է ունենում վարորդների ցածր գիտակցության պատճառով:
Փամբուխչյանի գնահատմամբ՝ վթարները տեղի են ունենում 3 պատճառով՝ վարորդների երթևեկելու ցածր գիտակցության, արագության գերազանցման և մեքենաների անսարքության:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե տարիներ շարունակ խոսվում է տրանսպորտային նոր ցանց ունենալու մասին, երբ է ի վերջո գործելու նոր ցանցը՝ բացառելով նաև ողբերգական դեպքերը մեքենաների անսարքության և այլ պատճառներով, պատգամավորն արձագանքեց.
«Մշակվում է միասնական ցանց համակարգը, որ ամբողջ Հայաստանի տարածքը սպասարկելու է մեկ ցանցով»:
Պատգամավորն ընդգծեց նաև. «Ես կարծում եմ, որ սա ամենաօպտիմալ և դրական լուծումը կլինի, ընդ որում նոր չափանիշներ կդրվեն և անսարք մեքենաները կբացառվեն: Նպատակն է ապահովել քաղաքացիների անվտանգ և հարմարավետ փոխադրումը»:
Հարցին, թե երբ վերջնականապես կգործարկվի այդ նոր ցանցը, պատգամավորը պատասխանեց. «Իմ անձնական գնահատմամբ մեկ տարվա ընթացքում այդ գաղափարը կկարողանանք կյանքի կոչել»:
Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե վարորդական իրավունքի քննությունները պետք է խստացնել, Փամբուխչյանն ասաց՝ համաձայն է, բայց դա ապագային միտված քայլ է, քանի որ այն մարդիկ, ովքեր այժմ ունեն վարորդական իրավունք և ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով, բնականաբար, իրենցից վտանգ են ներկայացնում, բայց ապագային միտված այդ խստացումները, բնականաբար, օգուտ կտան, քանի որ վարորդական իրավունքը պետք է շատ դժվար ձեռք բերվի: