ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների հետքերով

Վերջին օրերին Հայաստանում ավելացել է մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Սովորաբար, պատճառների, մեղավորների և անվտանգության մասին բարձրաձայնվում է այն ժամանակ, երբ ողբերգական դեպքեր են լինում:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Արարատի մարզում տեղի ունեցավ ավտովթար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվեց: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, վթարի մասնակից մեքենայի վարորդը ձերբակալվել է: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն, անդրադառնալով վթարի պատճառներին, նշել էր, որ դեռևս կան միայն վարկածներ։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, խոսելով պատահարների պատճառների մասին, ընդգծեց, որ մեզ մոտ խնդիրներն առաջացել են մոտ 20 տարի առաջ, երբ ազատականացվեց քաղաքային տրանսպորտը:

Չիլինգարյանը հիշեցնում է, որ Հայաստանում տրվում է տեխնիկական զննության կտրոն, ինչը պարտադիր է, սակայն իրականում չի գործում այնպես, ինչպես կարգն է: Ըստ նրա՝ շատ մեքենաներ գործում են՝ առանց տեխզննում անցնելու։ Ըստ Չիլինգարյանի՝ տարիներով կուտակված խնդիրների ամենաարդյունավետ լուծումը կարող է լինել ոլորտի խիստ վերահսկողությունը: Ասում է՝ ժամանակին քաղաքապետարանում ստեղծվել էր տրանսպորտի բարելավման խումբ:

Փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով վերջին դեպքին, նշել է, որ տեղի ունեցած ողբերգությունը ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ լրջորեն մտածել դեռ 2014թ.-ին հաստատված Հայաստանի տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության խորքային խմբագրման ու նոր մոդելի մշակման անհրաժեշտության մասին: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով վերջին օրերի դեպքերին, գրառում էր կատարել՝ կարծիք հայտնելով, որ բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից շատ խիստ քննություն վերցնել»:

 

Ավելին
Back to top button