Նորություններ

Վիետնամի նախագահը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ առողջական խնդիրների պատճառով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով մեկնել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ին՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրատվականները մտահոգություն հայտնեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի՝ Նգուեն Ֆու Չոնգի հետ։
ԶԼՄ-ներն անգամ նշում էին, որ «Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ  Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած  է եղել»։

Իրականում Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը բավականին երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հասարակական գործունեություն ծավալել և երևալ հանրության առաջ։ Իրավիճակը հատկապես վատթարացել էր Վիետնամի նախկին նախագահի թաղման արարողության ժամանակ, որին  Նգուեն Ֆու Չոնգը չի կարողացել մասնակցել։

Պաշտոնական մեկնաբանությամբ՝ նախագահի առողջական վիճակի վատթարացումը կապված էր աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։ Պաշտոնական նմանօրինակ կարևոր հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում է երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը։

Եթե ուսումնասիրենք 2019 թվականի ապրիլից սկսած Նգուեն Ֆու Չոնգի հանդիպումների վիճակագրությունը՝ կնկատենք, որ վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության շրջանակը սահմանափակվում է շնորհավորական ուղերձներ հղելով և երկրի տարբեր շրջաններ այցերով։ Նախագահը օտարերկրյա պատվիրակության և ոչ մի ներկայացուցչի հետ պաշտոնական հանդիպումներ վաղուց արդեն չի ունեցել։ Մի շարք  լրատվամիջոցներմտահոգություն են հայտնել այս կապակցությամբ՝ շեշտելով, որ  Նգուեն Ֆու Չոնգի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ երկրի միջազգային համբավի վրա։

Մի քանի ամիս առաջ անգամ քննարկվում էր ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպումը, որին, սակայն,  Նգուեն Ֆու Չոնգը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, չի մասնակցի։

Այսպիսով, հայտնում ենք, որ լրատվամիջոցների մտահոգությունը, թե Վիետնամի վարչապետը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին՝ հապճեպ կատարված այցի պատճառով, չի համապատասխանում իրականությանը։

Ավելին
Back to top button