Նորություններ

«Կապուտաչյա գեղեցկուհին» հոգեվարքի մեջ է, ու նրան փրկելու համար բժշկական մոտեցում պետք է ցուցաբերվի․ Հրաչիկ Միրզոյան

Սևանի խնդրի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քիմիկոս, բնապահպան և փորձագետ Հրաչիկ Միրզոյանի հետ։

-Պարոն Միրզոյան, տարեցտարի Սևանի վիճակն ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում: Հայտարարվեց, որ Սևանա լճում արձանագրվել է Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ:

-Անհնար է գերագնահատել այն  բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեքները, որ ունի Սևանա լիճը հայ ժողովրդի համար: Պակաս կարևոր չէ, որ  Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության, նաև աշխարհագրական տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ռազմավարական ամենամեծ շտեմարանն է: Ցավոք, տարեցտարի Սևանա լճի էկոլոգիական վիճակը ավելի ու ավելի է վատթարանում, և մենք աստիճանաբար կորցնում ենք լիճը որպես կենդանի օրգանիզմ և քաղցրահամ ջրի պաշար:

Լճի էկոլոգիական հիմնախնդիրները սկսվեցին նրա բնական մակարդակը իջեցնելու արդյունքում, որի հետևանքով մեծապես պակասեց ջրի ծավալը, լիճը հեռացավ բնական ափերից, և  լճի բնաշխարհիկ տերերը՝ Սևանի իշխանի չորս տեսակները, կորցրեցին  բնադրավայրերը և անհետացան: Տարիների ընթացքում միջոցառումները, որոնք ձեռնարկվեցին լիճը փրկելու նպատակով, թեև որոշ չափով կայունացրին լճի էկոլոգիական համակարգը, այնուամենայնիվ չլուծեցին լճի էկոլոգիական հիմնախնդիրը: Վիճակը առավել ծանրացավ  90-ական թվականներից հետո, մանավանդ վերջին տարիներին, երբ արհեստականորեն կանխվեց լճի մակարդակի բարձրացումը, աննախադեպ չափերի հասավ Սևանա լճի առափնյա գոտու անհաշվենկատ կառուցապատումը, լճից ջրառի սահմանված ծավալների  գերազանցումը, անխնա որսագողությունը, լճի գաղութացումը  ոչ հարազատ կենդանատեսակների կողմից և այլն:  Վիճակը ծանրացրեց Սևանա լճի բնական ռեսուրսների գիտականորեն ոչ հիմնավորված պլանավորումը,  բնական պաշարների ինտենսիվ յուրացումը,  բնակչության արագընթաց աճը և տարածաշրջանի ուրբանիզացիան, որոնց արդյունքում անհամեմատ մեծացավ Սևանա լճի արդյունաբերական և գյուղատնտեսական աղտոտվածությունը, այդ թվում` բնակավայրերի կոմունալ և կենցաղային կեղտաջրերի` առանց մաքրման ներթափանցումը  լիճ: Վերջին տարիներին լճի վրա զգալի  ճնշում են գործադրում նաև առափնյա անասնաֆերմաները, որոնց թափոնները ուղղակի կամ անուղղակի՝ մակերևութային ջրերի օգնությամբ թափանցում են լիճ:  Էական է լճի ավազանի լանդշաֆտների, խախտված հողերի էրոզիայի արդյունքում տարբեր նյութերի և հանքային տարրերի ազատ մուտքը Սևանա լիճ: Վերջին տարիներին պարբերաբար հրդեհվում է լճի հարավահայաց լանջերի խոտածածկը, որն արագացնում է լանջերի  հողածածկի էրոզիան, իսկ հրդեհի մոխիրը, նյութերը ի վերջո լիճ է լցվում:

Անասնապահական ֆերմա «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային գոտում

Այս ամենի արդյունքում վատացել է Սևանի ջրի որակը, ավելացել է ազոտի, ֆոսֆորի, հանքային նյութերի, Մեծ Սևանի ջրերում նաև ծանր մետաղների կոնցենտրացիան (վերջինս հավանաբար Զոդի ոսկու հանքավայրի ազդեցությունն է, որը լիճ է հասնում Մասրիկ գետի հոսքով):

Սևանի համար իսկական աղետ դարձավ Անաբենա ջրիմուռների աննախադեպ աճը, որը պայմանավորված է լճի ջրի մեջ ազոտի, ֆոսֆորի, հանքային նյութերի բարձր պարունակությամբ: Անաբենա կապտականաչ ցիանային ջրիմուռները տարածված են բոլոր ջրամբարներում ու խոնավ հողերում, ունեն թելանման կառուցվածք, զանգվածային բազմացման դեպքում առաջացնում են լորձանման կապտականաչ փառ, ազոտ ֆիքսող են, նրանց որոշ տեսակներ կարող են օդից կլանել ազատ ազոտը: Իսկ որ ավելի վտանգավոր է, ջրիմուռների այս ցեղը արտազատում է նեյրոտոքսիններ, որոնք վտանգավոր են ձկների ու ջրլող թռչունների համար: Օրեր առաջ զրուցում էի Սևանի ազգային պարկի Արտանիշի թերակղզու արգելոցային գոտում գտնվող անասնապահական ֆերմայի անասնապահի հետ, որը հաստատեց, որ կովերից մեկը սատկել է կանաչած Սևանա լճից ջուր խմելուց հետո, ինչը, ենթադրում եմ, հենց նեյրոտոքսինի ազդեցության հետևանքն է:

Անաբենա ջրիմուռների զանգվածային աճ Սևանա լճում 07 07 2019թ.

Ձեր գնահատմամբ, ի՞նչն է հանգեցրել այն աղետալի վիճակին, որն ունենք այսօր: Ի՞նչ անթույլատրելի սխալներ են թույլ տրվել տարիներ շարունակ:

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և կայուն օգտագործման գործառույթների նորմավորման նպատակով 2001թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը:  Այնուհետև կառավարության մակարդակով ընդունվել են բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր, և ինչպես  մերժված նախագահ Ս. Սարգսյանն էր ասում, «թղթի վրա ամեն ինչ կարգին է»:  Ցավոք սրտի, ոչ միայն Սևանա լճի, այլև ողջ բնապահպանության ոլորտում ամեն ինչ կարգին է միայն փաստաթղթային մակարդակով: Այժմ Սևանը, նախկինում որպես «Կապուտաչյա գեղեցկուհի» գովերգված լիճը, կանաչել և հոգեվարքի մեջ է, ու նրան  փրկելու համար բժշկական մոտեցում պետք է ցուցաբերվի:

Առաջին հերթին պետք է վերացվեն լճի  «հիվանդություն» առաջացնող պատճառները, որոնց մասին մասամբ խոսեցինք: Լճի էկոհամակարգի վերականգնումը փոխկապակցված միջոցառումների մի ամբողջական համակարգ է՝ համալիր բուժում, որի գլխավոր քայլը  լճի ջրի մակարդակի վերականգնումն է (որոշ հաշվարկներով այն պետք է բարձրանա առնվազն 6 մետր): Այնուհետև պետք է բացառվի աղտոտ ջրերի մուտքը Սևանա լիճ: Բոլորս գիտենք, որ նաև աղտոտված են լճի ջրերը և ափամերձ տարածքները կենցաղային և այլ աղբով: Պետք է լուծվի նաև այս խնդիրը, կազմակերպվի կանոնավոր աղբահանություն և բացառվի աղբանոցների տեղադրումը Սևանի ջրհավաք ավազանում: Պակաս կարևոր չէ Սևանի տարածաշրջանում և ընդհանրապես հանրապետության ողջ տարածքում, մանավանդ, եթե այդ տարածքները ոռոգվում են Սևանա լճի ջրերով, ջրօգտագործման արդյունավետ համակարգերի ստեղծումը:

Նաև պետք է նոր մոտեցումներ ցուցաբերվի «Սևան»  ազգային պարկի ռեկրեացիոն ռեսուրսների գնահատմանը, ափամերձ տարածքների կառուցապատմանը, ընդհուպ հատուկ ռեկրեացիոն նորմատիվներ սահմանվի Սևանա լճի համար: Նույնը պետք է կատարվի Սևանա լճի  և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն, կենսապաշարների կայուն օգտագործման համար իրականում, և ո՛չ թղթի վրա, արգելվի որսագողությունը, և գուցե որոշ ժամանակով ընդհանրապես արգելվի որսը Սևանա լճում:

«Ծաղկած»  Սևանա լիճը

Սակայն այս ամենը անհրաժեշտ արդյունքներ կարող են տալ միայն Սևանա լճի կառավարման համակարգի բարելավման, այդ թվում` իրավական նորմատիվ հենքի կատարելագործման դեպքում՝ ստեղծելով ողջ գործընթացի վերահսկման արդյունավետ լծակներ: Պատկերացնո՞ւմ եք, ներկայումս Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգում բնապահպանական և բնօգտագործման առանձին ոլորտների կառավարումն իրականացվում է ՀՀ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնց միջև դեռևս չկա իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում, տարածաշրջանում չկա միասնական կառավարող մարմին, ինչը նպաստում է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական վիճակի հետագա վատթարացմանը:

Առայժմ «Սևան» ազգային պարկում և Սևանա լճի ջրհավաք ավազանում կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կենսապաշարների կայուն օգտագործման ու վերարտադրության ոլորտի կառավարումը խիստ անբավարար է, ինչը բացատրվում է բնապահպանության կառավարումն իրականացնող իրավասու մարմինների անգործությամբ, թույլ նյութատեխնիկական և կադրային ներուժով:

Ձեր կարծիքով համապատասխան մարմինները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն՝ իրավիճակը փրկելու համար:

Առաջին հերթին  Գավառ, Վարդենիս, Մարտունի, Ջերմուկ քաղաքներում և գյուղական խոշոր բնակավայրերում ջրամատակարարման և կոյուղու ցանցի ստեղծում, կոյուղաջրերի մաքրման լոկալ կայանների ստեղծում, որոնց մաքրած ջրերը ցանկալի է հնարավորինս օգտագործել ոռոգման նպատակով, գյուղատնտեսության և տնտեսվարման այլ ճյուղերում ջրօգտագործման նոր տեխնոլոգիաների ներդրում՝ մակերևութային հոսքաջրերի և ստորգետնյա ջրերի աղտոտման նվազեցման նպատակով, լիճ թափվող ջրային հոսքերի աղտոտվածության նվազեցում, լճից ջրառի նվազեցում: Լճի ափամերձ տարածքից անհապաղ պետք է հեռացնել անասնագոմերը, վերացվեն աղբանոցները, ապամոնտաժվեն ապօրինի կառույցները, խստագույն վերահսկողություն սահմանվի ձկան և խեցգետնի որսի, բնապահպանական նորմերի պահպանման վրա:

Լճի մակարդակի բարձրացման և մաքրության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների համակարգում պետք է ներդնել ջրածածկվող ափամերձ կենսազանգվածի հեռացումը, նոր ջրամբարների կառուցումը, որոնց ջրերը պետք է մղվեն Սևան կամ «թեթևացնեն Սևանի հոգսը»՝ ոռոգելով դաշտերը:

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համար հիմք պետք է հանդիսանա լճի ռեսուրսների գիտական լայնածավալ հետազոտությունը, կենսապաշարների հաշվառումը, կադաստրավորումը, մոնիտորինգը, որի արդյունքները պետք է լինեն թափանցիկ, և որին պետք է մասնակցի հասարակությունը:

Այսօր Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման խնդիրը հրատապ է, այն կարելի է համեմատել քաղցկեղով հիվանդի բուժման հետ, երբ բուժման հետաձգման յուրաքանչյուր  օրվա հետ  չարորակ ուռուցքը շղթայական ռեակցիայով ապականում է օրգանիզմը՝ ստեղծելով նորանոր մահացու գոյացություններ, վերջնականապես ապականելով օրգանիզմը: Պարզեմ միտքս. շատերին կարող է թվալ, թե ցրտերի  կամ քամոտ եղանակի հետ  կապտականաչ ջրիմուռները վերանալու են: Իրականում այդ ջրիմուռների քանակը միայն նվազելու է, սակայն ազոտը և այլ անմաքրությունները մնալու են լճի ջրում՝ նվազեցնելով ջրում լուծված թթվածնի քանակությունը և ջրի թափանցիկությունը, որն իր հերթին անդառնալի փոփոխություններ է առաջացնելու լճի կենդանական (միկրո և մակրո) աշխարհում, և լիճը մեռնելու է որպես կենդանի օրգանիզմ՝ տաք օրերի հետ նախապատրաստելով նոր, ավելի բուռն «ծաղկում»:

Իսկ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման արդյունքում  լճի տարածաշրջանը կդառնա բարձր եկամտաբեր, էկոլոգիապես համեմատաբար անվնաս ու հեռանկարային տնտեսության ճյուղ և կվերականգնվի քաղցրահամ ջրի բարձրադիր ու ռազմավարական պաշար ունեցողի՝ հայ ժողովրդի աստվածատուր առավելությունը տարածաշրջանում:

Ավելին
Back to top button
Close